Տնտեսական

31.01.2019 13:55


Կառավարությունում «Նաիրիտի» հարցը քննարկվել է ներդրողների հետ

Կառավարությունում «Նաիրիտի» հարցը քննարկվել է ներդրողների հետ

Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք դեռևս այդ փուլում չենք: «Նաիրիտ»-ի հարցը շատ զգայուն է: Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի համակարգող խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչին, որով առաջարկվում է հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտ»-ի վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ:

«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ: Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ փուլում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք ներկայում իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա: Այսինքն՝ խոսող կողմն այդ ծրագրի օգտին տիրապետում է և տեխնոլոգիական, և կազմակերպական հստակ փորձառությանը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը չպետք է կասեցվի, եթե նման քննարկումներ կան, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ: Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի»,- ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը