Լրահոս

17.03.2010 13:37


Եկեղեցի՞, թե կինոդահլի՞ճ. այս է խնդիրը

Եկեղեցի՞, թե կինոդահլի՞ճ. այս է խնդիրը

Արդեն 10 օր է՝ թեժ քննարկումների առարկա է դարձել սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու վերկանագնման հարցը, քանի որ եկեղեցին պետք է նոր կյանք առնի «Մոսկվա» կինոթատրոնի  ամառային դահլիճի տեղում։ Ըստ հայ ճարտարապետների, մշակույթի գործիչների՝ այն ճարտարպետական բարձր արժեք ունեցող կառույց  է, և քանդելն ուղղակի բարբարոսություն կլինի։ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ամառային կինոդահլիճն ընդգրկված է եղել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկի մեջ։

-Այն ցուցակից հանելը կատարվել է օրենքի խախտումով՝ անօրեն։ Երբ որևէ շինություն ընդգրկվում է այդ ցուցակի մեջ, փորձագիտական հանձնախումբը՝ ճարտարպետները, հնագետները, որակավորում են տվյալ հուշարձանը կամ շենքը։ Նույն գործընթացով էլ ցուցակում ընդգրկված կառույցը հանվում է, սակայն նման գործընթացը մշակույթի նախարարության կողմից պահպանված չէ,-նշել է նա։

Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ կառավարությունը հապշտապ որոշում է կայացրել։

 -Մենք բազում խնդիրներ ունենք, որոնք հապշտապ որոշման կարիք ունեն, բայց դրանք մնում են երկար ժամանակ չլուծված։ Բայց այս խնդիրը շատ հանկարծակի, ուղղակի կայծակնային արագությամբ բարձրացվեց՝ չխորհրդակցելով ոչ մի մասնագիտական ընկերության հետ,-նշել է նա։

Իսկ Արտաշատի հոգևոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանը, որը ներկա էր քննարկմանը և շատ էր բորբոքվել, նշել է, թե եթե այդ կինոդահլիճի տեղում կաբարե կառուցվեր, ապա ոչ ոք ձայն չէր հանի, և այս ողջ աղմուկը ուղղորդված է ու եկեղեցու դեմ է աշխատում։

-Ես հարց եմ ուղղում ձեզ՝ էլ ավելի մեծ ճարտարապետական արժեք չէ՞ր Երիտասարդական պալատը, որ ոչնչացվեց, կամ՝ այլ հուշարձաններ։ Ինչո՞ւ չբողոքեցիք, երբ Բանվորի արձանը հանվեց, երբ Լենինի արձանը հանվեց։ Ինչո՞ւ։ Հիմա եկեղեցին կրթում-դաստիարակում է մարդու հոգին։ Ինչո՞ւ եք դեմ դուրս գալիս։ Այդ նույն ֆիլմը կարելի է դիտել նաև ձմեռային դահլիճում՝ օդափոխությունն ապահովելով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը