Տնտեսական

31.01.2019 16:37


Շտապօգնության աշխատակիցները բողոքում են ցածր աշխատավարձերից, ծանր աշխատանքից ու սոցփաթեթի բացակայությունից

Շտապօգնության աշխատակիցները բողոքում են ցածր աշխատավարձերից, ծանր աշխատանքից ու սոցփաթեթի բացակայությունից

Երեւանի շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները բողոքում են լարված աշխատանքից, դրա դիմաց տրվող ցածր աշխատավարձից և բժշկական ապահովագրության բացակայությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վերոնշյալ խնդիրները շտապօգնության բուժանձնակազմի մշտական քննարկման հարցերից են, սակայն դրանց շուրջ խոսակցությունները թեժացան հատկապես առողջապահական առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից և նրանց սոցփաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորությունից հետո:

«Վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում շտապօգնության կանչերի ավելացում է նկատվում: Եթե նախկինում շտապօգնությունն օրական 600-650 կանչ էր սպասարկում, այսօր կանչերի թիվը հասել է 800-850-ի»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ մեկ հերթապահության համար շտապօգնության ծառայության բժիշկը վաստակում է 18 հազար դրամ, բուժքույրը՝ 11 հազար, իսկ վարորդը` 10 հազար դրամ:

«Բուժանձնակազմի աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2011 թվականին»,-մատնանշեց նա:

«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը հերքեց այն տեղեկատվությունը, թե շտապբուժօգնության աշխատակիցները հերթով աշխատանքից ազատման դիմումներ են գրում:

«Միայն մեկ հոգի է ազատման դիմում ներկայացրել, ով մեր շատ լավ աշխատողն է եղել, ուղղակի, քանի որ մեզ մոտ համատեղությամբ է եղել, ծանրաբեռնվածության պատճառով չի հասցնում շարունակել աշխատանքը: Ես ազատման այլ դիմումներ չեմ ստացել»,-հավելեց նա:

Շտապօգնության աշխատակիցների բողոքների հետ կապված Թագուհի Ստեփանյանը դեռ չի հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, սակայն Երևանի քաղաքապետարանը խնդրի մասին տեղեկացված է:

«Կարծում եմ` այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն առաջիկայում»,-ընդգծեց նա:

Երևան քաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը