Տնտեսական

01.02.2019 00:45


Տնտեսական 2018–ի նախնական գնահատականներ

Տնտեսական 2018–ի նախնական գնահատականներ

Նախնական դիտարկումներ և գնահատականներ ԱՎԾ–ի հրապարակած 2018–ի ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ
———————————————————


1. ԱՎԾ–ն տարեկան տվյալները հրապարակեց ուշացումով (նախկինում դա արվում էր հունվարի 25-ից ոչ ուշ)։ Թե ինչով էր պայմանավորված ուշացումը, ենթադրությունների ոլորտից է։

2. Այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ, կազմել է 5,8 տոկոս, որը 2017–ին արձանագրվածի համեմատ պակաս է 1,9 տոկոսով։ 2017–ի ՏԱՑ–ը 7,7 տոկոս էր, որն ավելի էր 2016–ի ցուցանիշից 7 տոկոսով։ Ասել է թե՝ հետիշխանափոխական շրջանում խոստացված տնտեսական թռիչքային աճը ոչ միայն տեղի չի ունեցել, այլ նաև ստացել ենք տնտեսության աճի տեմպի նվազեցում ինչպես հարաբերական, այնպես էլ բացարձակ ցուցանիշների առումներով։

3. Արձանագրվել է ուղղակի կապ մակրոտնտեսական ցուցանիշների ու քաղաքական լարվածության փուլերի միջև։ Այսպես, նախորդ տարվա ապրիլին (քայլարշավի ակտիվ փուլն ու փողոց փակելը), մարտ ամսվա համեմատ, արձանագրվել է ՏԱՑ 3,1 տոկոս անկում, և դա այն դեպքում, երբ մարտին՝ փետրվարի համեմատ, ՏԱՑ–ն ավելացել էր 16,2 տոկոսով, իսկ փետրվարը հունվարի նկատմամբ՝ 7,1 տոկոսով։
Քաղաքական որոշակի կայունացումից հետո ՏԱՑ ցուցանիշներն սկսեցին ամսեամիս աճել միջինը 9,36 տոկոսով (մայիսից մինչև սեպտեմբեր)։
Երբ իշխանությունները որոշեցին հոկտեմբերին շրջափակել ԱԺ–ն ու պարտադրել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա կոնկրետ տնտեսական հետևանք ունեցավ։ Հոկտեմբերին (ԱԺ շրջափակում, վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրությունների նախապատրաստում), սեպտեմբերի համեմատ, ու նոյեմբերին (նախընտրական քարոզչության փուլ), հոկտեմբերի համամատ, գրանցվել է համապատասխանաբար 5 և 10,3 տոկոս ՏԱՑ ցուցանիշի անկում։
Միայն դեկտեմբեր ամսին, երբ ավանդաբար ու հասկանալի պատճառներով գրանցվում է տնտեսական աշխուժացում, մակրոցուցանիշները բարելավվեցին, ու արդյունքում տարին փակեցինք ՏԱՑ դրական ցուցանիշով (5,8%), որը, կրկնեմ, 2017–ի ցուցանիշից (7,7%) վատն է։

4. 2018–ին, 2017–ի համեմատ, գրանցվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի 7,6–տոկոսանոց անկում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է կառավարության սխալ քաղաքականությամբ՝ կապված Սևանից ջրերի բացթողնման ժամկետների ու ծավալների հետ (ամառվա տապին ջրաբացթողումը չթույլատրվեց)։ Գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ ոռոգման ջրի հետ կապված հուլիս–օգոստոսին լրջագույն խնդիրներ ունեցան, ինչի հետևանքով շատերը զրկվեցին բերքից, ինչն էլ իր հերթին բերեց մրգերի ու բանջարեղենի գների աճին։ Աճի դեմն առնելուն, բնականաբար, չնպաստեց կառավարության առաջին դեմքի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերում լոլիկի, բիբարի ու վարունգի գների ճշտումը։
Գյուղատնտեսական առումով ամենապիկ հատվածներից մեկում՝ օգոստոսին, 2017–ի համեմատ 2018–ին գրանցվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 16,7 տոկոս անկում։ Պոպուլիզմի («Ինչպե՞ս կարելի է Սևանից ջուր բաց թողնել») և դիլետանտիզմի (չէին ուզում հասկանալ, որ ոռոգման ծավալները պետք է ապահովել ճիշտ ժամանակին ու անհրաժեշտ ծավալով) համադրությունը տվեց իր բացասական արդյունքը։ Կառավարությունն ուշացումով այդ ամենը հասկացավ ու ջրի բացթողնման թեմային անդրադարձավ, բայց դա բան չէր կարող փոխել, քանզի գյուղացիներին վնասն արդեն հասցված էր։
Ոոռոգման հետ կապված կառավարության սխալ որոշումն էր պատճառը, որ օգոստոսից սկսած՝ մինչև տարվա վերջ գյուղատնտեսական համախառն արտադրանքի չափը ամեն ամիս անընդհատ անկում է գրանցել 2017–ի նույն ամիսների համեմատ։
Գյուղացիների համար վարկային պատմությունների մաքրման գործընթացն, ըստ այդմ, «փոխհատուցվեց» ոռոգման ջրի չստացումով, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսության սեփականատերերը մեծ վնասներ կրեցին ու ընկան նոր վարկային բեռի տակ։

5. Համախառն ներքին արդյունքի կառուցվածքի ու ազգային եկամտի վրա դրական ազդեցություն ունեցող ցուցանիշներից մեկը՝ արտահանման աճը, դոլարային հաշվարկով 2018–ին ավելի քան 3 անգամ ցածր (7,8%) է եղել 2017–ին արձանագրված աճի տոկոսից (25,2%)։
Ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության աճը 2018–ին դոլարով կազմել է 16,4 տոկոս, որը ցածր է 2017–ին արձանագրվածից (26,9%):

6. Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017–ին աճել էր 12,6 տոկոսով, իսկ 2018–ին՝ 4,3 տոկոսով։ Եթե պոպուլիզմն ու դիլետանտիզմը չխանգարեին, ապա նախորդ տարի հանքարդյունաբերության ու դրան հարակից բիզնեսների գործունեության արդյունքում բազմաթիվ խնդիրներ կլուծվեին և՛ բյուջեի, և՛ բնակչության սոցիալական պայմանների, և՛ համախառն սպառման, և՛ տնտեսական ակտիվության մասերով։
Կառավարությունը փաստացի պատերազմ հայտարարեց հանքարդյունաբերությանը։ Հակադրվեց հանքարդյունաբերության բարձր տեխնոլոգիական արտադրությանը՝ գերակա դեր տալով վերջինիս, ինչը լավ էր հնչում, բայց գործնականում հարված ստացավ հանքարդյունաբերությունը, իսկ ահա բարձր տեխնոլոգիական արտադրությունը մնաց որպես բարի ցանկություն։
Ի դեպ, հանքարդյունաբերությունը նույնպես կարող է լինել բարձր տեխնոլոգիաների ու ժամանակակից մեթոդների կիրառմամբ։ Այնպես որ, «կա՛մ, կա՛մ»–ն այստեղ սխալ է։

7. Տեղին է հիշեցնելը, որ նոր կառավարության գործունեության կամ անգործության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են կասեցվել կամ իրագործվել են շատ ավելի վատ պայմաններով, քան նախատեսված էր։ Օրինակ՝ Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցումը, որը մոտ 300 մլն դոլար ներդրումային ծրագիր էր, նախ կասեցվեց, ապա դրան ընթացք տրվեց, բայց արդեն ներդրողի համար 50 միլիոն դոլարի չափ նվազ պարտավորությամբ։ Այսինքն՝ պետք է ներդրվեր 300 միլիոն դոլար, բայց ներդրվելու է 250 միլիոն։ Զավեշտն այն է, որ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես ձեռքբերում։

8. Կառավարությունը խոստացել էր ու ակնկալում էր զբոսաշրջիկների կտրուկ աճ («թավշյա հեղափոխությունը» ներկայացվում էր որպես Հայաստանի բրենդ, ու համոզմունք էր հայտնվում, որ դրսից գալու են, որպեսզի տեսնեն այն ժողովրդին, որը փողոց փակելով իշխանություն է փոխել), սակայն դա տեղի չունեցավ։
Զբոսաշրջիկների թվի աճ ունենք, բայց դա վերջին տարիներին արձանագրված թվային տիրույթում է։

9. Թեև վարչապետը շտապել էր տեղեկացնել, թե սպառողական գների ինդեքսը կամ այլ կերպ ասած՝ տարեկան ինֆլյացիան կազմել է 1,8 տոկոս, բայց ԱՎԾ–ն հաստատեց, որ ճիշտ էին այն տնտեսագետները, ովքեր նշում էին, որ ՍԳԻ–ին իրականում 2,5 տոկոս է, ինչն, ի դեպ, ուրախության առիթ չպետք է տա, քանզի ինֆլյացիայի ցածր տոկոսը չի խոսում տնտեսական ակտիվության օգտին։ Հայաստանի տիպի երկրներում ՀՆԱ իրական աճին զուգահեռ՝ ինֆլյացիայի ընդունելի միջակայք է համարվում 4,5–6,5 տոկոսը։

10. Հատուկ եմ համեմատական մեթոդը դրել մակրոցուցանիշների գնահատման հիմքում և վերցրել միայն 2017–ը՝ 2018–ի համեմատ, քանզի իշխանափոխության ժամանակ խոստացվում էր կախարդական փայտիկի միջոցով թռիչքաձև աճ ապահովել շատ արագ։ Ինչպես և սպասվում էր, դա տեղի չունեցավ։

Մեկ բան պետք է հասկանալ՝ իշխանափոխությունը մեզ փոփոխությունների շանս էր տվել։ Այդ շանսը կարող էր բերել դրական կամ էլ բացասական հետևանքների։ Առայժմ գերակայողը բացասականն է, ու ցավալին այն է, որ բացասական զարգացումներ կան ինչպես արտաքին ու անվտանգության ոլորտներում, այնպես էլ երկրի ներսում, ուր սիրո և հանդուրժողականության փոխարեն տարածվել է թշնամության ու ատելության մթնոլորտ։ Իսկ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել տնտեսության, բիզնես միջավայրի ու ներդրումային դաշտի վրա։

Առայժմ այսքանը՝ որպես նախնական ամփոփում։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,

տնտեսագիտության թեկնածու

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը