Լրահոս

01.02.2019 11:10


Բաղրամյան 26-ից գողություն է կատարվել․ հուշամեդալները գողացել են, հետո՝ տեղը դրել (լրացված)

Բաղրամյան 26-ից գողություն է կատարվել․ հուշամեդալները գողացել են, հետո՝ տեղը դրել (լրացված)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամներ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ բացահայտելու տեղի ունեցածը:

***

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն):

Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել են դատամատնադրոշմային և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք:

Հունվարի 31-ին՝ նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը