Մեկնաբանություն

01.02.2019 13:00


Բանակցությունները մտան փակուղի. մեծանում է պատերազմի հավանականությունը

Բանակցությունները մտան փակուղի. մեծանում է պատերազմի հավանականությունը

Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումները Արցախի վերաբերյալ կտրուկ հակասում են վերջին ամիսներին Փաշինյանի ու Մնացականյանի վարած քաղաքականությանը։

Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շուրջ, ինչին հետևեց պաշտոնական Բաքվի ու ադրբեջանական քարոզչամեքենայի արձագանքը։ Ու եթե հաշվի առնենք, որ մինչև երեկ չէ առաջին օրը ադրբեջանական մամուլը հիացած էր Փաշինյանով ու պաշտպանում էր նրան Կրեմլից, ՀՀ ներքին ընդդիմությունից, ղարաբաղցիներից ու այլ ուժերից, ապա կարելի է պնդել, որ բանակցային վեկտորը, որի հեղինակը ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն էր, ընթացել է հենց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի ներքո (այլապես ինչո՞ւ պետք է Ալիևը համաձայներ շփման գծում լարվածության թուլացմանը), որի բաղկացուցիչ մաս էր կազմում «Փող՝ տարածքների դիմաց»–ը (Դավոսում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպման շրջանակներում Բոլթոնի հեռախոսազանգի ու գրառման հիմնական «մեսիջը» Հայաստանին տնտեսական աջակցությունն էր, մինչդեռ Ալիևի հետ նա լրիվ այլ բնույթի խոսակցություն էր ունեցել)։

Ըստ ամենայնի՝ Փարիզում 4 ժամ տևած Մնացականյան–Մամեդյարով և Դավոսում 1,5 ժամ տևած Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո Փաշինյանը զգացել է, որ փաստացի մտնում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի դետալային քննարկման փուլ։ Զգացել է ու վախից հետ քաշվել, բայց հիմա խնդիրն այն է, որ դեստրուկտիվ ու բանակցությունները ձախողող դերում հանդես է գալու Հայաստանը, ինչը մեծացնում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Ադրբեջանը հիմա լեգիտիմ իրավունք է ստանում պատերազմ սկսել, քանզի հայկական կողմն է դարձել «ոչ» ասող (նախկինում «ոչ»–ը միշտ Իլհամ Ալիևն է ասել)։

Հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լիներ բանակցություններն այնպես տանելը, որպեսզի պաշտպանվեին մեր շահերը, և միաժամանակ հնարավորություն չտային Ադրբեջանին ստանալ բանակցություններից դուրս գալու լեգիտիմ հիմք և հնարավորություն։ Այդ խնդրի լուծումը Փաշինյանի ու Մնացականյանի համար շատ ծանր բան է, քանզի այդ ծանրությունը պահելու համար անհրաժեշտ գիտելիքների պաշար ու պետական մտածելակերպ է պետք, ինչը, ցավոք, բացակայում է երկուսի մոտ։

Փաշինյանը վերջապես հասկացել է, որ վտանգի առաջ է հայտնվել ու երկու օր իրար հետևից անում է հայտարարություններ, որոնք շոկի մեջ են գցել Ադրբեջանի ղեկավարությանը։ Նրանք հիմա կարծում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե խաբել է, կամ էլ այլ գործոնների ազդեցության տակ ստիպված հետ է կանգնել ընտրված ուղուց, այն է՝ Բոլթոնի պլանից։

Ակնհայտ է, որ Ալիևից բանակցային պատմություն լսող Փաշինյանն առարկային չտիրապետելով է նման վիճակ ստեղծել։ Նա ոչ թե «հող ծախող» է, այլ դիլետանտ։

Տեղին է այս առումով հիշել փիլիսոփա Ռասելի այն խոսքերը, ըստ որոնց՝ աշխարհի բոլոր չարիքների պատճառը տգիտությունն է, որից ծնվում են պատերազմներն ու մյուս չարիքները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը