Լրահոս

17.03.2010 15:33


«Ժառանգությունը» հարցապնդում է ուղարկել ՀՀ վարչապետին ու կառավարությանը

«Ժառանգություն» խմբակցությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 80-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 105.1-րդ հոդվածներով, այսօր ՀՀ Վարչապետին ու Կառավարությանն է ուղարկել հարցապնդում 1988թ. երկրաշարժի աղետի գոտում ՀՀ Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. ««Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: Խնդրի կապակցությամբ աղաղակող փաստեր էր ներկայացրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր «Դեկտեմբերի 7-ը ծաղկեպսակներ դնելու օր լինելուց առաջ» վերտառության կոչում (04.12.2009թ.): «Ժառանգություն» խմբակցությունն իր 07.12.2009թ. հայտարարությամբ մտահոգություն հայտնեց աղետի գոտում, մասնավորապես' Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում □Գլենդել Հիլզ□ ՓԲԸ-ի կողմից պետական ծրագրերով իրականացվող բնակարանաշինության 2009 թվականի անբավարար ընթացքի, բնակարանաշինության ու բնակարանների բաշխման գործընթացում չարաշահումների եւ անընդունելի արդյունքների, պատկան մարմինների անգործության վերաբերյալ: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տվյալներով այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացվել են միջոցներ ու պայմաններ' մինչեւ 2009 թվականի տարեվերջ 1320 նոր բնակարաններ շահագործելու համար: Ակնհայտ է' աղետի գոտու վերականգնման 2009 թվականի ծրագրի թերակատարման, ձախողման ու տապալման փաստը, ինչպես նաեւ' առկա բնակարանաշինության կասկածելի որակը□: Նկարագրվածի կապակցությամբ «Ժառանգությունն» իր հարցապնդման մեջ շարադրել է հետեւյալ հարցադրումները.

  1. Որքա՞ն բնակարաններ են հանձնվել շահագործման 2009 թվականի  դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ:
  2. Որքա՞ն բյուջետային միջոցներ են տրամադրվել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում 2009 թվականի  դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ:
  3. Վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում որքա՞ն է տրամադրվել արտաքին վարկային միջոցներից «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին 2009 թվականի  դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ:
  4. Արդյո՞ք Կառավարությունը որոշում է կայացրել եւ ստեղծել (կազմել) հանձնաժողով բոլոր շահագրգիռ կողմերի (կառավարության լիազոր մարմին, քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ եւ այլն) մասնակցությամբ' նմանօրինակ կարեւոր եւ լայնածավալ ծրագրերի իրականացման վերահսկողության ու գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
  5. Արդյո՞ք □Գլենդել Հիլզ□ ՓԲԸ-ն Կառավարությանը կամ լիազոր մարմնին ներկայացրել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքների կատարողական եւ ֆինանսական հաշվետվությունները: Եթե այդպիսիք առկա են, ապա խնդրում ենք տրամադրել կրկնօրինակները կամ պատճենները:
  6. Ինչո՞վ է պայմանավորված 2009 թվականի շինարարական ծավալներն ավարտելուց երկու ամիս առաջ □Գլենդել Հիլզ□ ՓԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության □համատեղ□ որոշումը (ըստ 04.11.2009թ. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից տարածած հայտարարության), առ այն, որ բնակարանաշինության այս տարվա (2009թ.) ծրագրերում ընդգրկվեն նաեւ երեք սենյականոց բնակարանների կառուցումը: Արդյո՞ք Կառավարությունը ուսումնասիրել է աղետի գոտում 1, 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների պահանջարկը, եւ ինչու՞ ի սկզբանե այն հաշվի չի առնվել' բնակարանաշինության ծրագրերը կազմելիս:
  7. Մինչեւ օրս ինչպիսի՞ եւ ի՞նչ ծավալով խախտումներ ու թերացումներ են արձանագրվել սույն ծրագրի շրջանակներում: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության թերացումների համար:
  8. Որքա՞ն բնակարաններ շահագործման կհանձվեն 2010 թվականի գարնանը (ըստ  ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի' ապրիլին):

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 105.1-րդ հոդվածի 3-րդ եւ 8-րդ մասերի համաձայն' հարցապնդումը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում Կառավարությունը պետք է գրավոր պատասխան ուղարկի «Ժառանգությանը», որից հետո ԱԺ նիստում կհնչեցվեն հարցապնդումն ու Կառավարության պատասխանը: Օրենքի համաձայն' հարցապնդումն ու դրա պատասխանը հրապարակվելու են նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Այս խորագրի վերջին նյութերը