Լրահոս

05.02.2019 12:26


Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք:

Պպարզվել է, սակայն, որ օգնությունը իրականում տրամադրվում է մի ՍՊԸ-ի կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները այն քաղաքացիներին են ներկայացնում համայնքապետի թեկնածուի անունից:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի: Տանտիրոջից հաղորդում է ստացվել, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և ասել, որ պետք է ձայն տանք թեկնածուին:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Այս դեպքում նույնպես ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, թե այդ անձինք հայտնել են, որ հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը