Տնտեսական

06.02.2019 12:40


Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:

«Գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ: Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Ի դեպ, քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկումներում ներգրավված կողմ է, ակտիվ աշխատում է թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների հետ: Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկու ամիս է նախատեսված, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և, ըստ էության, կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիա»-ից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը