Տնտեսական

06.02.2019 14:54


ՀԾԿՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Վեոլիա Ջուր»-ին, նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա»-ին

ՀԾԿՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Վեոլիա Ջուր»-ին, նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա»-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով, ինչպես նաև նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի երրորդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով անցած տարվա դեկտեմբերի 21-ից հանձնաժողովի կողմից «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018-ի երրորդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր է ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ։ Հանձնաժողովի անցած տարվա ապրիլի 4-ի՝ օգոստոսի 22-ի և նոյեմբերի 21-ի որոշումներով «Վեոլիա Ջուր»-ը արդեն իսկ երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:

Մեկ այլ վարչական վարույթի արդյունքում փաստվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման սահմանված ժամկետը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր որոշել է նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա»-ին, ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ azatutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը