Լրահոս

18.03.2010 10:36


ՀՀ ԱԺ–ն կընդունի՞ Ադրբեջանի պատասխանատվության մասին հայտարարությունը

ՀՀ ԱԺ–ն կընդունի՞ Ադրբեջանի պատասխանատվության մասին հայտարարությունը

22.02.2010-ից ՀՀ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը։ Այն ներկայացվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կողմից։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ, և այս քաղաքականության շարունակության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:

Որպես այս հայտարարության հիմնավորում նշվում է նաև.

«Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորել հակամարտության ծագման և ծավալման վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները և իրական ագրեսորին՝ զոհ, իսկ զոհին որպես ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»:

Նշենք, որ եթե այս քառօրյայում էլ այդ հայտարարությունը քննարկման չդրվի, ապա այն մեխանիկորեն կտեղափոխվի հաջորդ քառօրյա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը