Արցախցի շախմատիստը միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է ադրբեջանցի մասնակցին
Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Մոսկվայում տեղի ունեցած միջազգային շախմատի 15-րդ մրցաշարին մասնակցել են նաև արցախցի Ալեքս և Սևակ Մանուկյանները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում 15-ամյա Ալեքս Մանուկյանն ասել է, որ իր տարիքային խմբում ընդրկված էին աշխարհի տասնյակ երկրներից շուրջ 350 հոգի:
Ըստ Ալեքսի՝ հունվարի 28-ին տեղի ունեցած շախմատային խաղի ժամանակ իր մրցակիցը եղել է ադրբեջանցի:
«Խաղն անցել է բավականին լարված վիճակում. յուրաքանչյուր քայլ անելուց լուրջ մտածում էի, որ հանկարծ չսխալվեմ: Համառ պայքարում ես կարողացա հաղթել իմ մրցակցին: Իմ հաղթանակը նվիրել եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին: Հունվարի 30-ին երկրորդ անգամ կրկին մրցել եմ ադրբեջանցու հետ և նորից հաղթանակ արձանագրել»,-ասել է Ա. Մանուկյանը և նշել, որ իր հաղթանակների համար ինքը շնորհակալ է մարզիչ Հովիկ Հայրապետյանին:
Մեր զրուցակիցը նաև ավելացրել է, որ միջազգաին մրցաշարում ինքը և իր հարազատ եղբայր Սևակը մասնակցել են 9 խաղի, որտեղ 5 խաղում հաղթել է ինքը, իսկ 4-ում՝ Սևակը: Ալեքսը տեղեկացրել է նաև, որ այս տարվա հունվարի 8-16-ը եղբայրներով մասնակցել են նաև Երևանում կայացած Անդրանիկ Մարգարյանի անվան միջազգային շախմատի մրցաշարին, որտեղ 18 տարիքային խմբում ինքը գրավել է 3-րդ մրցանակային տեղ, իսկ 14 տարիքային խմբում, 100 մասնակիցների թվում, Սևակը՝ առաջին պատվավոր տեղ:
Զրույցի վերջում Ա. Մանուկյանը նշել է, որ 8 տարեկանից սկսած` մասնակցելով տարբեր շախմատային մրցաշարերի` ինքն ունեցել է մեկ նպատակ՝ շախմատային մրցաշարերում Արցախի պատիվը միշտ բարձր պահել:
Արցախցի շախմատիստը միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է ադրբեջանցի մասնակցին
Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Մոսկվայում տեղի ունեցած միջազգային շախմատի 15-րդ մրցաշարին մասնակցել են նաև արցախցի Ալեքս և Սևակ Մանուկյանները: