Լրահոս

18.03.2010 13:23


ԱԺ նախագահը լուրջ խոսակցություն ունեցե՞լ է վարչապետի հետ

ԱԺ նախագահը լուրջ խոսակցություն ունեցե՞լ է վարչապետի հետ

Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում  կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը ներկա չէր եղել, ինչն էլ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանին ափերից հանել էր: «Ու՞ւր ա էդ Վաչե Գաբրիելյանը: Ի՞նչ ա նշանակում՝ գործուղման մեջ է: Կարա՞նք մենք էլ փակենք, հիմա գնանք գործուղման: Հիմա էդ արհամարհական վերաբերմունքն իմ կարծիքով շատ անտեղի և անհիմն է, և ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով... Ո՞վ պիտի էդ հարցերին պատասխանի: Ա՜յ քեզ բան»,-հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը։ Իսկ այսօրվա կառավարության նիստում Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահից պահանջել է բացատրել, թե ինչո՞ւ կառավարության ներկայացուցիչը ներկա չի եղել ԱԺ-ում նշված օրինագծի քննարկմանը, ինչն էլ դարձել է Հովիկ Աբրահամյանի դժգոհության պատճառ։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացատրել է, որ օրինագծի զեկուցող՝ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Վաչե Գաբրիելյանը ներկա չի գտնվել միայն եզրափակիչ ելույթների ժամանակ, ինչն էլ պայմանավորված էր վերջինիս  արձակուրդում գտնվելու հանգամանքով։ Ըստ ԿԲ նախագահի, բոլորը դրա մասին տեղեկացված են եղել։

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետև ինքը պետք է տեղեկացված լինի բոլոր նմանատիպ դեպքերի մասին, քանի որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, իսկ կառավարության հասցեին հնչում են հրապարակային քննադատություններ։

Այս խորագրի վերջին նյութերը