Լրահոս

18.03.2010 13:53


Է. Նալբանդյան. «Այդ հայտարարություններով էին սկսվում նաև հայոց ցեղասպանության հետ կապված 1915թ. դեպքերը»

Է. Նալբանդյան. «Այդ հայտարարություններով էին սկսվում նաև հայոց ցեղասպանության հետ կապված 1915թ. դեպքերը»

Անդրադառնալով հայերին արտաքսելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ նման հայտարարությունները շատ բացասական հետևանքների են հանգեցնում։

-Ցավոք, այդ հայտարարություններով էին սկսվում նաև հայոց ցեղասպանության հետ կապված 1915թ. դեպքերը։ Մենք չենք մոռանում, որ նման հայտարարություններ էին արվում նաև Ադրբեջանում Սումգայիթի ջարդերից առաջ կամ Բաքվում կամ հայերով բնակեցված այլ վայրերում։ Եվ ինչի՞ն դա հանգեցրեց։ Կարծում եմ՝ դա հատուկ մեկնաբանության կարիք չունի։ Դրանք անթույլատրելի հայտարարություններ են, որոնք միանշանակ վնաս են հասցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Չէի ասի, թե նման հայտարարություններ անելով՝ Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել,-նշել է Էդվարդ Նալբանդյանը և հույս հայտնել, որ Թուրքիայում ավելի իրատեսական մոտեցում կգերիշխի, և նրանք հաշվի կնստեն միջազգային հանրության կարծիքի հետ, քանի որ աշխարհի գրեթե բոլոր պետությունները նշում են, որ պետք է առաջ շարժվել առանց նախապայմանների, առանց նենգասպառնալիքների, առանց սադրանքների ու սպառնալիքի. «Դա այն ճանապարհը չէ, որով կարելի է շարժվել քաղաքակիրթ աշխարհում»։

Հարցին, թե արդյոք հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի՞ է մտել, Է.Նալբանդյանը պատասխանել է. «Հայաստանը նախաձեռնող է եղել, և չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դժվարություններին, որոնք ստեղծվում էին գործընթացի ողջ ընթացքում, մենք բավական առաջ ենք շարժվել, և հանգեցինք արձանագրությունների ստորագրմանը։ Եվ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, սակայն դա կախված կլինի նաև թուրքական կողմից, թե որքանով նրանք պատրաստ կլինեն առաջ շարժվել։ Ժամանակը ցույց կտա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը