Լրահոս

18.03.2010 15:24


Այսօր Երեւանում կբացվի հայ-սլովակյան գործարար համաժողովը

Այսօր Երեւանում կբացվի  հայ-սլովակյան գործարար համաժողովը

Մարտի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով Սլովակիայի արտգործնախարարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը' Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված նկատելի աշխուժացումը եւ հույս հայտնեց, որ այս այցն իր կարեւոր ներդրումն կունենա երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման գործում: 

Կողմերը հանգամանորեն քննարկեցին քաղաքական երկխոսության եւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, մշակութային եւ կրթական ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին' նախարար Նալբանդյանն ու Լայչակը գոհունակությամբ նշեցին, որ այսօր Երեւանում բացվելիք հայ-սլովակյան գործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար կապերի ընդլայնման եւ նոր ծրագրերի մշակման ու իրագործման համար:

Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Այդ համատեքստում երկուստեք նշվեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Միրոսլավ Լայչակը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Արեւելյան գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Սլովակիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր եւ Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում համագործակցության մասին հուշագիր:

Այս խորագրի վերջին նյութերը