Կարծիք

18.03.2010 16:40


Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը

Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը

2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%),  ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: Ավելին' իշխանությունը պարտավոր է ապահովել տվյալ էթնիկ խմբի համամասնական ներկայացվածությունը բոլոր նշված մարմիններում: Դրա համար հաշվառվում են ոչ միայն քաղաքացիները, այլև բոլոր բնակիչները, եթե նրանք մինչև իսկ անօրինական են երկրում: Վերջիններս նույնպես հարկ են վճարում, ուստիև ունեն իրավունքները տեղական մակարդակի վրա:  Իշխանությունները պարտավոր են ողջ տեղեկատվությունը երկրորդել նաև էթնիկ խմբի մայրենի լեզվով:   Եթե էթնիկ խմբի տոկոսը բնակչության մեջ ավելի է, քան 40%-ը, ապա իշխանությունները պարտավոր են հանրային դպրոցներում ապահովել նրանց մայրենի լեզվի ուսուցումը պետության հաշվին: Բնականաբար' մասնավոր դպրոցներն ինքնաբավ են և ազատ են տնօրինելու իրենց դասաժամերը:

2002թ. Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով Սամցխե-Ջավախք նահանգ-տարածաշրջանի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 207.598 մարդ, որից հայերի թիվը կազմում էր 113.347 մարդ (55%), վրացիներինը' 89.995 (43%) մարդ: Նույն' 2002թ., Ծալկայի պատմական հայկական շրջանն ուներ 11.484 հայ, 2.510 վրացի, 4.589 հույն, 1992 ադրբեջանցի և 313 այլազգի բնակչություն:

Համեմատական վերլուծությունն սկսենք վերջից: Ջավախքի բոլոր հայկական  դպրոցներում մայրենի լեզվի և գրականության ուսուցումն իրականացվում է պետական ծրագրով և այդ առարկաների ուսուցիչներին վարձատրում է պետությունը (Վրաստանը): Չնայած այստեղ էլ պետք է մի նուրբ տարբերություն մատնանշել. Վրաստանն ապահովում է Ջավախքի հայության մայրենի լեզվի ուսուցումը, սակայն վերջինս գնում է վերջինիս ոչ մայրենի լեզվով ուսուցման ճանապարհով: Սրանք տարբեր բաներ են: Նախ' Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը բազմիցս փորձեր է արել' հայկական դպրոցներում ուսուցումը վրացերեն դարձնելու համար: Ներկայումս նույնպես Վրաստանի կրթական համակարգը քայլում է այդ ճանապարհով' ձգտելով ուսուցման առարկաների դասագրքերը հայերենից վերածել վրացերենի: Մյուս կողմից' ներկայիս դպրոցական դասագրքերը, որոնք հայերեն լեզվով են, վաճառվում են բավականին բարձր, շատ դեպքերում' բնակչության համար անմատչելի գներով: Գումարած այս ամենին' ահավոր ցածր որակի հայատառ տեքստեր են զետեղված այնտեղ: Ինչևէ' Վրաստանի ԿԳ նախարարությունը միգուցե դասագրքերի վաճառքը կբացատրի որպես համավրաստանյան հիմնախնդիր, սակայն ոչ մի պատճառաբանություն չի կարող հարգելի համարվել, եթե խոսքը վերաբերում է իր հայրենիքում (Ջավախքում) ապրող բնիկ ժողովրդի (հայության) ազգապահպանման ու զարգացման խնդրին: Կա հարևան-բարեկամ ՀՀ, որը մշտապես պատրաստակամ է եղել և մինչև վերջին մեկ-երկու տարին Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի բոլոր հայկական դպրոցներին ապահովում էր հայկական դասագրքերով: Վրաստանը ՀՀ-ի այս քայլն արգելեց (ներկայումս ՀՀ ԿԳ նախարարության կողմից Վրաստան ուղարկվող դասագրքերից թույլատրելի են միայն լեզու - գրականության դասագրքերը, իսկ մնացած դասագրքերի մուտքը Վրաստան խստիվ արգելված է) և այստեղից ծնվեցին մի շարք «անլուծելի»խնդիրներ:

Հաջորդ հրատապ հիմնահարցերից է տեղեկատվության և օրենսդրական բազայի տրամադրման, հանրային գրագրության բացառապես վրացերեն լեզվով իրականացումը, որը գրեթե ծայրահեղ մեկուսացման վիճակի է հասցրել ջավախահայությանը: Վրաստանը միջազգային իրավունքին հակասող իր այս քայլով ձգտում է ապահովել իր ազգաստեղծ քաղաքականության շարունակականությունը, երբ հայությունը զանգվածային ձուլման ճանապարհով կարող է լրացնել ու թարմացնել վրացական միջավայրը, սակայն Վրաստանի իշխանություններն իրենց ռազմավարական ծրագրերում սխալվելու են, քանի որ կա մի չգրված օրենք, մի ոսկի կանոն, մի աքսիոմա. իր պատմական տարածքի' Հայկական լեռնաշխարհի վրա հայությունն ուծացվում է միմիայն բռնի և դաժան մեթոդներով, ուծացվում է, սակայն' հայկականությունը երբեք չի վերանում նրա միջից: Համշենահայերն ու թաքուն հայությունը Արևմտյան Հայաստանի տարածքում դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում կարող է ի հայտ գալ նաև երկրորդ երևույթը, որն է' հակազդեցությունը այս ուծացման քաղաքականությանը: Ջավախքի պարագայում տեղի է ունենում երկրորդ տարբերակը. Վրաստանի այս քայլերը խորացնում են հակասությունները ջավախահայության և պետության միջև: Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը: Արդյունքում տարբեր արտաքին ուժեր կարող են տարբեր նպատակներով շահարկել այս վիճակը, ինչն էլ անխնայորեն բարձրաձայնում է Վրաստանը: Սակայն այդպիսի ուժերի չեզոքացումը անհամեմատ կարող է հեշանալ, եթե Վրաստանի իշխանությունները կարողանան իրենց քայլերով ջավախահայության դժգոհությունները հասցնեն նվազագույնի այնպես, ինչպես օրինակ դա տեղի է ունենում Իրանի ադրբեջանցիների (ատրապատականցիների) պարագայում: Վերջիններս բազմաթիվ թելերով կապված են իրանական պետության և հասարակական կյանքի հետ: Վերջիններիս այս պարագայում անհամեմատ դժվար է օգտագործել ընդդեմ Իրանի, որին այդքան ձգտում է ԱՄՆ-ն և այս բլոկի ներկայացուցիչները: Վերջիններս, ինչպես և ջավախահայերը, ազգային փոքրամասնություն չեն: Իրանական ադրբեջանցիները իրանական ծագումնաբանությամբ բնիկներ են, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել իրանական պետության և մշակույթի կայացման գործում: Ջավախահայությունն, ի տարբերություն իրանական ադրբեջանցիների, ընդհանուր աղերս չունի վրացական ծագումնաբանությամբ ժողովուրդների հետ, սակայն իր ծանրակշիռ ներդրումն ունեցել է հատկապես հետխորհրդային նորանկախ Վրաստանի կայացման գործում: Բավական է նշել մեկ փաստ միայն, որ, երբ 1991թ. մարտի 17-ին Վրաստանը բոյկոտեց ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն, Աբխազիան ու Հարավային Օսեթիան չպաշտպանեցին Վրաստանին: Վերջիններս քվեարկեցին ԽՍՀՄ պահպանման և, այդպիսով նաև' Ռուսաստանից չտրոհվելու օգտին: Այս նույն ժամանակ ջավախահայությունը պաշտպանեց Վրաստանի քայլը' հատուկ հայտարարությամբ հանդես գալով այդ մասին: Ցավոք, այսպիսի ,ավանդույթներիե շարունակությունը, ինչպիսին, օրինակ, եղավ 2008թ. օգոստոսյան պատերազմի օրերին, լիովին անտեսվում է Վրաստանի ղեկավարության կողմից: Վրացական լրատվամիջոցներում նույնպես ոչ մի հիշատակում չկա այս ամենի մասին, փոխարենն ամենուր լուտանքներ են ու վիրավորական արտահայտություններ ջավախահայ ակտիվիստների և հասարակ ժողովրդի հասցեին:

Վրացական ղեկավարությունն ի վերջո պարտավոր է ըմբռնելու, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ իշխողը կարող է հանդես գալ որպես ազատարար, որ նվաճված ու կառավարվող ժողովուրդը կարող է սիրել ու հպարտանալ իր «տիրոջով»: Համաշխարհային պատմության մեջ Հայոց արքա Տիգրան Մեծի օրինակը կարող է հիանալի օրինակ ծառայել, երբ Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդները որպես ազատարարի էին դիմավորում Արքայից Արքա Տիգրանին, իսկ որոշներն անգամ «նվաճվում էին» սեփական կամոք:  

Հաջորդ' հերթական լարվածություն ծնող խնդիրը դա վարչական մարմիններում հայության ներկայացվածության խիստ անհամամասնությունն է: 2006թ. վրացական պաշտոնական վիճակագության համաձայն' երկրի ոստիկանների 97% - ը ազգությամբ վրացիներ էին: Սա այն պարագայում, երբ, ըստ վրացական պաշտոնական տվյալների (որը խիստ վիճելի է), երկրի վրացի ազգաբնակչությունը կազմում է 83% (տվյալները ներկայացված են առանց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի):

Երկրի տեղական ինքնակառավարման մշակված օրենքներով ամենանուրբ ու արհեստական կերպով վրացիների հաշվին իջեցված է հայերի քանակը Ջավախքի մունիցիպալիտետների ժողովներում: Սա' ընտրովի մարմիններում, երբ վրացերենի իմացության պահանջն այս դեպքում իր նշանակությունը կորցնում է: Իսկ նշանակովի մարմիններում, երբ այստեղ հիմնական դերակատարը ոչ թե ժողովուրդն է, այլ' պետությունը, ազգային համամասնությունը ամբողջովին խախտված է: Օրինակ' Ծալկա կամ Ասպինձա (Ասպնջակ) քաղաքներում անհնար է գտնել նշանակովի հայ պաշտոնյա, թեպետ այս երկու մունիցիպալիտետներում հայ բնակչությունը կազմում է համապատասխանաբար 60 % և 20 %: Հայության 37% և վրացիների 62 % ազգաբնակչության տեսակարար կշռով Ախալցխայի մունիցիպալիտետում նույնպես խիստ անհավասարաչափ է կատարված վարչական պաշտոնյաների բաշխումը: Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում նույնպես օր-օրի ավելանում են վարչական ոլորտներում պաշտոններ զբաղեցնող վրացիները: Գումարած այս ամենին' Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում գրեթե բացակայում են հայազգի պաշտոնյաները, երբ, ինչպես նշեցինք, նահանգային մակարդակով հայությունը կազմում է 55%, վրացիները' 43%: Այս տոկոսային հարաբերակցությունը պետք է բերեր նրան, որ Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի աշխատակիցների 55%-ը լինեին հայեր: Այնինչ' ներկա նահանգապետն է ազգությամբ վրացի Լ. Ճկադուան (նահանգապետ է 2008թ. վերջից): Վերջերս նահանգային «Հարավային Դարպաս» թերթում կարդացի նրա հարցազրույցը: Տպավորությունն այն էր, որ լրագրողը խոսում է ոչ թե Ջավախքի նման բարդ նահանգի ղեկավարի, այլ' Ախալցխա քաղաքի մի դեռատի վրացուհու հետ, որի կյանքի երազանքն է ունենալ գեղեցիկ Ախալցխա: Լ. Ճկադուայի պատկերացումներում ընդհանրապես տեղ չունեն Ջավախքի հայության ուժգնացող խնդիրները, կրկնում եմ' Ախալցխա քաղաքի գեղեղցկացումից բացի նա խնդիր չի տեսնում Ջավախքում: Պարզ է' չգիտի կամ անտեսում է Ջավախքի խնդիրների խորքային պատճառները: Այս երևույթն ինձ հիշեցնում է 1920թ վերջի և 1921թ. սկզբի կոմունիստական Հայաստանում առկա վիճակը, երբ երկրի կրթության նախարարն էր Սիբիրից բերված ոմն չինովնիկ, իսկ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն Հայաստան էր «հրավիրվել» Չուկոտյան թերակղզուց: Արդյունքում տեղի ունեցավ Հայոց պատմության մեջ իր արժանավոր տեղը զբաղեցնող «1921թ. փետրվարյան ապստամբությունը»:

Բնավ ոչ պատահաբար Վրաստանի ու Ջավախքի այս իրավիճակը համեմատության մեջ դրեցինք ԱՄՆ-ի հետ: Բոլորին է հայտնի, որ վրացական իշխանավորների շրջանակներում գերակշռում է ամերիկամետ տրամադրվածությունը: Շատերն են իրանց հայտարարությունների մեջ գովերգում ամերիկյան վարքն ու բարքը, օրենքները, իսկ շատերն ԱՄՆ-ն ուղղակի դարձրել են կուռքի առարկա: Մյուս կողմից' շատ ամերիկացիներ են աշխատում Վրաստանի բարձր ատյաններում' ուղղորդելով Վրաստան պետության նավը: Մեր պարագայում ամերիկացիները վրացիներին վերաբերում են' շարժվելով հայտնի ասացվածքի բովադակությունից. «Որդյա՛կս, մի՛ ապրիր այնպես, ինչպես ես եմ ապրում, այլ ապրիր այնպես, ինչպես սովորեցնում եմ քեզ»:  

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը