Տնտեսական

14.02.2019 12:05


«Երևան ավտոբուս» ընկերության վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղի (տեսանյութ)

«Երևան ավտոբուս» ընկերության վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղի (տեսանյութ)

«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին:

«Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործվող ավտոբուսներ կան: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի»,-գրել է նա:
Հակոբ Կարապետյանը նշել է, որ երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ՝ «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:

«Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան իրենց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը