Հարցազրույց

14.02.2019 12:15


«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր «Համերաշխություն» կուսակցությաննախագահ եւ համանուն շարժման ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Նրա հետ զրուցել են իշխանափոխության արդյունքների, կառավարության ծրագրի եւ առհասարակ` երկրի ներքաղաքական իրավիճակի մասին:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՔԱՅՔԱՅՈՒՄ»

-Պարոն Ավետիսյան, Ձեր վերջին ելույթներում անընդհատ նշում եք, որ ամեն ինչ անելու եք` պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար: Կոնկրետ ի՞նչ վտանգ եք տեսնում այսօր:

-Վտանգները բավականին շատ են: Պետությունը մի քանի կառույցների վրա հենված համակարգ է, որտեղ գործում են օրենքները: Եվ այդ կառույցներից հիմնարարը` ընտանիքն է, հավատը եւ բանակը, որոնց վրա հենվելով էլ, պետությունը զարգանում է: Մինչդեռ եթե ուշադիր հետեւենք, կտեսնենք, որ բոլոր ուղղություններով գնում են կոնկրետ քայքայողական գործողություններ: Հիշեք, թե ինչ գործողություններ կատարվեցին Վեհափառի դեմ, ինչ է կատարվում բանակի գեներալների ու ընտանեկան արժեքների դեմ: Այդ բոլորը ծրագրված ուղղորդվում են, եւ դրանք լավ բանի չեն բերելու, այլ մեր պետության հիմքերն են խարխլելու: Իսկ այս բոլորի հիմքում այսօրվա իշխող քաղաքական ուժն է, հետեւաբար մենք ուզած-չուզած պետք է դրա դեմ պայքարենք: Պետք է փորձել փոխել այս համակարգը եւ քաղաքական ուժին, որպեսզի անդունդը չգլորվենք, որովհետեւ, վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ, սա նաեւ նրանց երկիրն է, որոնք ապրում են մեր երկրում եւ ունեն իրավունքներ: Այս ամենը մեզ` համերաշխականներիս, շատ լուրջ մտահոգում է, եւ ակնհայտ է, որ մեր երկիրը արագ տեմպերով գնում է դեպի քայքայում եւ կործանում:

-Այսօր իշխանության եկած մարդիկ խոսում էին սիրո եւ հանդուրժողականության մասին, թերեւս համերաշխությունն էլ կարելի է այս համատեքստում ընկալել: Ի՞նչ փոխվեց, որ հիմա այլ կարծիք ունեք:

-Երբ սկսվեց համաժողովրդական շարժումը, այն ժամանակ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա ՀՀ վարչապետ, այլ, այսպես ասած, հասարակությունն իր ընդվզումը բերեց եւ փորձում էին ինչ-որ բան փոփոխել երկրում: Համոզված եմ, որ եթե ՀՀԿ-ն մի փոքր ավելի խելացի գտնվեր եւ Կարեն Կարապետյանին թողներ որպես վարչապետ, որեւէ հեղափոխության մասին այսօր չէինք խոսի: Հասարակությունը, երբ դուրս եկավ փողոց` փորձելով իրավիճակը փոխել, ընթացքում հայտնվեցին տարբեր պաստառներ, տարբեր գաղափարախոսություններ եւ դրանցից ամենահայտնին, իրոք, սիրո եւ համերաշխության հեղափոխությունն էր: Եվ այսօրվա իշխող կուսակցությունը մեջտեղ բերեց եւ ժողովրդին համախմբեց հենց դրա տակ: Մենք, լինելով ոչ միայն համերաշխության, այլեւ սոլիդարիզմի գաղափարախոսությունը կրող քաղաքական կուսակցություն եւ համանուն շարժում, բնականաբար, չէինք կարող մի կողմ քաշվել եւ չմասնակցել այդ գործընթացին: Հետեւաբար, մենք նույնպես մեր աջակցությունն ենք հայտնել համաժողովրդական շարժմանը եւ միացել ենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը: Բայց ընթացքում հասկացանք, որ սա համերաշխության հետ որեւէ կապ չունի, այլ հակառակը` այն մեր հասարակության մեջ ավելի շատ մտցնում էր անհամերաշխության մթնոլորտ: Եվ ստիպված եղանք այդ ուղղությամբ պայքարել, այլապես այս ատելության մթնոլորտում որեւէ լավ բանի չենք հասնի: Հեղափոխության օրերին խոսում էին Սահմանադրության փոփոխության, նախագահական համակարգի վերադարձի, ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին եւ հույս ունեինք, որ ավելի լավը պետք է սարքենք մեր երկիրը, ոչ թե ավելի վատը: Իսկ այսօր, ըստ էության, ավելի վատանում է, եթե ինչ-որ դիրքեր ունեինք աշխարհում, հեղափոխության արդյունքում այդ դիրքը պետք է բարձրանար, բայց պարզվեց հակառակն է տեղի ունենում, որովհետեւ բոլոր տեղերում նշանակված են մարդիկ, որոնք բացաձրակապես գաղափար չունեն իրենց ոլորտներից:

«ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐԱՑՆԵԼ, ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ»

-Ի դեպ, Դուք այն քաղաքական ուժի ներկայացուցիչն եք, որ ուղիղ հայտարարել է, որ սատարում է այս պահին կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ:

-Շատ ցավալի է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահը, մեր ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանն այսօր գտնվում է ճաղերի հետեւում: Սա այն տրամաբանությունից է, որ ովքեր կարող են երկիրը հզորացնել, չեզոքացնում են: Իսկ ամենահզորը, որ կարող էր դա անել, Ռոբերտ Քոչրարյանն էր: Եվ այս իշխանությունը գնաց այդ քայլին, սա կոպիտ սխալ էր մեր հասարակության համար եւ նաեւ հասարակության մի մասի կողմից, որ հավատաց եւ փորձեց բավարարվել նրանով, որ Քոչարյանը պետք է դատվի: Կարծում եմ` շատ սխալ է եւ այն էլ նրա պես քաղաքական գործչի նկատմամբ, որը, ըստ էության, քանդված, քայքայված, ոչնչացված պետությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացավ եւ 10-ը տարվա մեջ սարքեց մի պետություն, որի մասին խոսելիս ասում էին` կովկասյան վագր: Հիմա, եթե մեր հասարակությունը մտածում է, որ Նիկոլի հույսով պետք է երկիր ունենա եւ գիշերը հանգիստ քնի, ուրեմն` չարաչար սխալվում է, որովհետեւ մի օր կարթնանա եւ կտեսնի, որ թուրքը դանակը ձեռքը վիզն է կտրում ու այդ ժամանակ էլ չի հասցնի որեւէ բան անել:

-Բայց այսօր Ռ. Քոչարյանը կալանավայրում է ոչ թե պետության իր ղեկավարած տարիների համար, այլ`մարտի 1-ի: Ի՞նչ կասեք այս մասին:

–Մարտի 1-ի հիմնական մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ նրա շրջապատը, որոնք ժողովրդին դրդեցին: Պետք չէ այսօր սուտ խոսել, մասնակիցներ կան, որոնք այդ ամենը տեսել են, լսել են, գիտեն, որ նրանց կողմից հրահրվեց մարտի 1-ի երեւույթը: Եվ ձեզ ասեմ, որ եթե Ռորբերտ Քոչարյանը լիներ Նիկոլ Փաշինյանի պես անսկզբունքային եւ սխալվեր, մենք կունենայինք ոչ թե 10 զոհ, որի համար ցավում եմ, այլ 10 հազար: Պատկերացնո՞ւմ եք, որ այդ զանգվածը հարձակվեր այն մարդկանց տների վրա, որոնք իրականում տանը զենք ունեին, որոնց տներից այսօր էլ զենք են հանում: Այդ մարդիկ նստելու էին, սպասեին, թե ինչպե՞ս են իրենց թալանում, նրանք էլ, բնականաբար, կրակելու էին եւ ստացվելու էր քաղաքացիական պատերազմ, որը կարծում եմ` ինչ-որ ուժեր ուզում էին եւ դրդում մեր հասարակությանը, որ գնա այդ քայլին: Իսկ այսօր այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Մի ամբողջ պետություն զբաղված է նախագահ Քոչարյանին դատելով:

«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ՈՎ ԷՐ ՃԻՇՏ, ՈՎ` ՍԽԱԼ»

-Ձեր կուսակցությունը տարիներ շարունակ համագործակցել է «Բարգավաճ Հայաստանի» հետ եւ սատարել նրանց ընտրությունների ժամանակ: Այսօր քաղաքական կամուրջները «Համերաշխության» հետ այրվե՞լ են:

-Մենք կամուրջները չենք այրել եւ ընդհանրապես որեւէ մեկի մեջ թշնամի չենք տեսնում, այլ ցավում ենք, որ այդպես է: Գագիկ Ծառուկյանն ինքն այդ մասին հայտարարեց, որ ովքեր հանդիպել են Ռ. Քոչարյանի հետ, իրենց հետ որեւէ կապ չունեն: Բնականաբար, մենք հանդիպել էինք Ռ.Քոչարյանի հետ եւ դրա համար շատ ուրախ ենք ու չենք ափսոսում: Եվ եթե նա որոշեց, որ մեզ հետ գործ չունի, քանի որ մենք հանդիպել ենք ՀՀ երկրորդ նախագահի հետ, իր խնդիրն է: Ժամանակը ցույց կտա` ով էր ճիշտը, ով` սխալ: Իսկ ԲՀԿ-ի հետ, իսկապես, տարիներ շարունակ աշխատել ենք եւ լավ էլ աջակցել ենք, մնացածը թողենք իրենց խղճին:

–Երբ Ռ. Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ, բոլորը սպասում էին, որ առաջինը հենց ԲՀԿ-ն հայտարարությամբ հանդես կգա եւ կսատարի նրան, քանի որ այս ուժի անունը տարիներ շարունակ կապվել է Ռ. Քոչարյանի անվան հետ: Ինչպե՞ս կգնահատեք նրանց լռությունը:

-Չեմ ուզում բնութագրել, որովհետեւ ժողովուրդն իր մեջ արդեն բնութագրել է: Եվ թե ինչպես են վարվում այդ դեպքերում, դա էլ է հայտնի ժողովրդի մեջ: Նույն ՔՊ-ականների վերաբերմունքը նրանց նկատմամբ արդեն խոսում է այդ մասին: Իրենք փորձում են առանձին հաջողության հասնեն, բայց կարծում եմ` չի ստացվի: Չեմ ուզում կանխատեսումներ անել` իրենց հետ կապված: Ընդհանրապես մեր քաղաքական դաշտը շատ սարսափելի ծանր վիճակում է, եւ Ռ. Քոչարյանին պաշտպանեցին այն ուժերը, որոնք ազգային են, որոնք իսկապես մեր պետության մասին մտածում են, եւ նրանք, որոնց դրսից չեն կարող ուղղորդել:

Այս խորագրի վերջին նյութերը