Լրահոս

18.03.2010 17:43


Մրցույթ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար: Մրցույթի նպատակն է օժանդակել հասարակական կազմակերպություններին' հզորացնելով և զարգացնելով իրենց իրավապաշտպան կարողությունները մարդու իրավունքների և խոցելի խմբերի շահերի պաշտպանության (advocacy) ոլորտում:

Մրցույթի առաջին փուլում ակնկալվում է հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների (letter of interest) ընդունում: ՀԿ-ները, մինչև 3 էջ հետաքրքրվածության նախնական հայտ-նամակում, պետք է հակիրճ նկարագրեն կազմակերպության առնվազն վերջին մեկ տարվա ունեցած փորձն ու գործունեությունը, խնդիրները որոնց պետք է անդրադարձ կատարվի, առաջարկվող լուծումները' իրենց մեթոդոլոգիայի նկարագրությամբ, ինչպես նաև կազմակերպության մոտակա ծրագրերը' նշելով թե համապատասխան ֆինանսական օժանդակության դեպքում ինչ ձեռքբերումների կհասնեն շահերի պաշտպանության ոլորտում:

Առաջարկվող գաղափարները պետք է ուղղված լինեն.

-նպաստելու մարդու իրավունքների գաղափարների տարածմանը հասարակության լայն շերտերում

-բարձրացնելու տեղեկացվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների և վերջինիս պաշտպանության շուրջ

-ամրապնդելու համագործակցությունը մարզային և մայրաքաղաքային հասարակական կազմակերպությունների միջև:

Հայտ-նամակներում վերհանված խնդիրները կարող են ներառել բայց չսահմանափակվել երեխաների, հատուկ կարիքներով մարդկանց, փոքրամասնությունների, կանանց և հասարակության այլ խոցելի խմբերի  իրավունքների պաշտպանությունը:

Նախապատվություն կտրվի երիտասարդ, այլ կազմակերպությունների հետ համագործակցություն ապահովող, համաֆինանսավորում ունեցող և գործունեության մեջ երիտասարդներ ընդգրկող կազմակերպություններին, որոնք հանդես կգան վերնշված ոլորտներում առկա խնդիրների լուծման նորարարական գաղափարներով:

Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների հիման վրա ընտրված ՀԿ-ներին կառաջարկվի ներկայացնել առավել մանրամասն մշակված ծրագիր' մինչև 12 ամիս տևողությամբ: Մրցույթի վերջնական հաղթողներին կտրամադրվի դրամաշնորհ' միջինը 8.000 - 10.000 ԱՄՆ դոլար:

Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակները պետք է ներկայացվեն ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով տպագիր և էլէկտրոնային տարբերակներով մինչև ապրիլի 30-ը ժամը 17.00:

ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակի հասցեն է' Երևան, Թումանյան փողոց. 2-րդ փակուղի, տուն 7/1,  Էլ. փոստի հասցեն' [email protected] և [email protected]

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Լաուրա Գևորգյանին 533862, 536758 հեռ. կամ էլ. փոստով' [email protected]:

Այս խորագրի վերջին նյութերը