Լրահոս

18.03.2010 18:04


Գյուղացիները փորձում են հաղթահարել աղետի հետևանքները

Երկու օր առաջ Շիրակի մարզի որոշ համայնքներում ուժեղ քամու և հեղեղումների հետևանքները դեռևս վերացված չեն: Ջրագծերի վնասման պատճառով 5 համայնք ժամանակավորապես զրկված էր խմելու ջրից: Սակայն «Շիրակ ջրմուղ-կոյուղու» մասնագետի խոսքերով՝ 5 սահմանամերձ համայնք չի ջրազրկվել, և իրենք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում հետագայի համար նույնպես։

«Սելաֆի պատճառով ջրագիծը վնասվել է, բայց, բարեբախատաբար, չի պոկվել: Հիմա ժամանակավոր ամրացման աշխատանքներ ենք կատարում: Հետագայում ջուրն իջնելուց հետո տեսնենք՝ ինչ ենք անելու: Հիմա մենք ջրագիծը փակել ենք զոդման աշխատանքներ կատարելու համար»,-ասել է «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ ջրարտադրության բաժնի պետ Էդիկ Պեպանյանը:

Իսկ աղետից տուժած Առափի համայնքում ջրագծերից բացի այլ վնասներ էլ կան, որոնք գյուղացիների ուժերով վերականգնել հնարավոր չէ, և իրենք ակնկալում են պետության օժանդակությունը, որը մինչև այսօր չկա:

«Գյուղացիների տանիքների ավերման վնասը կազմում է մոտ 1.5 մլն դրամ։ Դրանք մասնակի վերականգնվել են գյուղացիների ուժերով: Սակայն 2 կամուրջ է ավերվել, որոնք վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մոտ 6 մլն դրամ, ինչը գյուղապետարանը չի կարող հատկացնել: Հիմա սպասում ենք փոխհատուցման, որպեսզի կարողանանք գոնե ավտոմեքենայի կամուրջը վերականգնել»,- ասել է Առափիի փոխհամայնքապետ Ավետիք Պալոյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը