Տնտեսական

16.02.2019 12:43


Արտաշատի ԲԿ-ում 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Արտաշատի ԲԿ-ում 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

Արտաշատի բժշկական կենտրոնում (ԲԿ) 3 ամիս անձնակազմն աշխատավարձ չի ստացել: Այս մասին 168.am-ին հայտնեցին աշխատակազմի որոշ անդամներ, որոնց խնդրանքով անունները չենք հրապարակում:

Նրանք դժգոհում են նորանշանակ ղեկավարի անհավասար վերաբերմունքից: Ասում են. «Իր մասնավոր ստոմատոլոգիական կենտրոնում ուշացումներ չեն լինում, բայց մենք կրկնակի ծանրաբեռնված աշխատում ենք ու ձեռքներս դատարկ ամեն օր տուն ենք գնում»:

Հայտնում են նաև, որ դժգոհում է ողջ անձնակազմը՝ բացի մի քանի վիրահատող բժշկից: Ենթադրում են, որ վերին օղակներում մշտապես վարձատրվում են ժամանակին, քանի որ, ընթացակարգի համաձայն՝ մեծ են հատկապես վիրահատող բժիշկների վաստակած բոնուսները: Մեզ դիմած քաղաքացիները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչո՞ւ է իրենց աշխատավարձի պարտքն ամիսներով կուտակվում, ու այն դեպքում, երբ նոր ղեկավարի նշանակումից հետո՝ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից, քաղաքացիների դիմելիության շատ մեծ հոսք է նկատվում: Ասում են ՝ նոր բաժանմունքներ են բացվել, բացի այդ՝ Մասիսի ու Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներին փոխելուց հետո այնտեղի բնակիչներն էլ մեծամասամբ Արտաշատի ԲԿ են դիմում:

Ի պատասխան 168.am-ին դիմած բուժաշխատողների մտահոգությունների՝ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը հայտնեց, որ ուշացած աշխատավարձերն ամենաուշը երկուշաբթի կբաժանվի ԲԿ-ի ողջ անձնակազմին: Նա նաև սրտնեղեց, թե ինչո՞ւ են իր ենթակաները, ղեկավարի փոխարեն, մեզնից հարցերը փարատող պատասխաններ ակնկալել:

«Ձեզ զանգողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չե՞ն, բա չգիտեի՞ն, ոնց է կարգը, առնվազն տգետ պիտի լինեին, որ չիմանային, թե ինչու են աշխատավարձերն ամեն ավարտվող տարվա վերջում ու հունվարին ուշանում: Ամբողջ աշխարհը երևի գիտի, որ պետական բժշկական կենտրոնների ֆինանսավորումը տարեսկզբին՝ փետրվարի 16-17-ին է գալիս, դա պրակտիկա է պետական կառավարման համակարգում»,- 168.am-ին զայրացկոտ տոնով ասաց ԲԿ ղեկավարը՝ վստահաբար պնդելով, որ զանգողը եղել է սանիտար, կամ իրենց դեմ արշավ անողներից մեկն է եղել:

«Ձեզ դիմած անձը, որ ներկայացել է մեր բժշկական կենտրոնից, ստում է, թե նոյեմբերին աշխատավարձեր չեն ստացել: Իրականում մեր բժշկական կենտրոնում աշխատավարձեր չեն ստացել դեկտենբերի 15-ի դրությամբ և երկրորդ կվարտալը: Տգետ պիտի լիներ ինֆորմացիա տվողը, որ չհասկանար՝ տարին փակվում է դեկտեմբերի 15-ից, և մենք իրավունք չունեինք աշխատավարձեր բաշխել, սա պետական հիմնարկ է, դեկտեմբերի 15-ից մինչև տարեվեջ և հունվար ամսվա ողջ գումարը միասին՝ կտրվեն երկուշաբթիից սկսած»,- հավելեց Հայկ Համբարձումյանը:

Նշենք, Արտաշատի ԲԿ-ի ղեկավար ՀՅԴ-անդամ Սոկրատ Հախվերդյանն ազատվել էր իր պաշտոնից՝ հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ մարզպետի հրահանգով նույն կերպ իրենց պաշտոնները լքեցին նաև Վեդու և Մասիսի ԲԿ ղեկավարները:

Օրերս մարզպետն իր ֆեյսբուքյան էջին տեղադրեց «Արտաշատի» և «Վեդու» ԲԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի մասին հայտարարություն:

Մտադի՞ր եք մասնակցել մրցույթին ու ամրանալ պաշտոնում՝ հարցրեցինք Հայկ Համբարձումյանին:

«Բա իհարկե, բա էդքան արել-դրել եմ, որ ուրիշները գան վայելե՞ն»,- կարճ հակադարձեց Արտաշատի ԲԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Իմ ղեկավարման օրոք շատ բան է փոխվել այս բժշկական կենտրոնում, հիվանդանոցը սկսել է աշխատել 90 % ծանրաբեռնվածությամբ, փակել եմ 60 միլիոն դրամի հասնող պարտքերը, կուտակված աշխատավարձերն եմ մարել, կանխվել է դեպի Երևանի ԲԿ-ներ վիրահատությունների գնացող մեծաթիվ բնակիչների հոսք՝ ի հաշիվ պատշաճ սպասարկման, ծառայությունների որակի բարձրացման, 5 նոր լիցենզավորված ծառայություն ենք սկսել մատուցել, բացվել են նոր բաժանմունքներ»:

Պարգևավճարների մասին հարցին լակոնիկ պատասխանեց՝ պարտքեր մարող բուժհիմնարկում պարգևավճարների մասին խոսելը բարոյական չէ, դրա ժամանակն էլ կգա:

Այս խորագրի վերջին նյութերը