Լրահոս

19.03.2010 14:24


Արա Նռանյան. «Ինձ համար տարօրինակ է, որ այս կառավարությունը դեռևս հրաժարական չի տալիս»

Արա Նռանյան. «Ինձ համար տարօրինակ է, որ այս կառավարությունը դեռևս հրաժարական չի տալիս»

-Հայաստանի Հանրապետությունում դրամի արժեզրկումն օրինաչափ երևույթ է և պայմանավորված է մեր տնտեսության վիճակով,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը։ 

Նա նշել է, որ դեռևս 2009թ. սկզբին, երբ ճգնաժամը բավական հստակ սկսեց ազդել Հայաստանի տնտեսության վրա, ունեցանք տարադրամի դեֆիցիտ' արտահանման ծավալների անկումը և մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազեցումը չէին ապահովում բավարար քանակությամբ տարադրամ, և ՀՀ-ն ի վիճակի չեղավ իրականացնել նույնիսկ իր քաղաքականությունը՝ ֆինանսավորել ներմուծումը։

-Մարտի 3-ին Կենտրոնական բանկն ստիպված եղավ իրականացնել լողացող կուրս օպերացիան, որի արդյունքում մի քանի ժամվա ընթացքում մոտ 25%-ով արժեզրկվեց ազգային դրամը։ Դեռ այն ժամանակ մենք ասում էինք, որ, եթե կառավարությունը և ԿԲ-ն համապատասխան հետևություններ չանեն և չփոխեն իրենց տնտեսական քաղաքականությունը, ապա որոշ ժամանակ անց ունենալու ենք նույն խնդիրը,- նշել է Ա.Նռանյանը և հավելել, որ կառավարությունը, արտաքին դրամական միջոցներ ներգրավելով, դրանց մի մասով ծածկեց բյուջետային դեֆիցիտը, իսկ մյուս մասը թողեց պահուստում դրամի փոխարժեքը պահելու համար՝ ակնկալելով, որ ճգնաժամն աշխարհում կհաղթահարվի, ինչը դրական անդրադարձ կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա։

-Ցավոք, կառավարությունը կորցրեց կառուցվածքային բարեփոխումներ սկսելու և իրականացնելու իր թանկարժեք ժամանակը։ Եկավ 2010թ.-ն, և մենք կանգնած ենք նույն խնդրի առաջ։ Մենք խնդիր ունենք թե ՛ արտաքին պարտքը սպասարկելու, թե՛ գնաճին դիմագրավելու առումով, և կառավարությունն ու Կենտրոնական բանկն այլևս ի վիճակի չեն պահուստները վատնելով պահել փոխարժեքը, իսկ տնտեսական իրավիճակի բարելավում կարծես թե չի նկատվում, և դրամը դրսևորեց միտում արժեզրկման ուղղությամբ։

Նա հույս է հայտնել, որ կառավարությունն ու ԿԲ-ն անցած տարվա իրավիճակից  համապատասխան հետևություններ են արել և չեն փորձի մեկ օրվա ընթացքում հերթական անգամ ցնցումների ենթարկել քաղաքացիների և գործարարների գրպանները և տնտեսությունն ամբողջությամբ։ Նրա խոսքերով՝ եթե լուրջ հետևություններ ու լուրջ բարեփոխումներ չարվեն, ապա դրամի արժեզրկումը շարունակվելու է։ Այդուհանդերձ, Ա. Նռանյանն առաջարկել է հանգիստ վերաբերվել արժեզրկման գործընթացին, որովհետև դա պարզապես մեր տնտեսական քաղաքականության հետևանքն է, և պետք է ոչ թե միջամտել շուկային և փորձել արհեստականորեն պահել փոխարժեքը, այլ մտածել՝ ինչ անել, որ այս իրավիճակը շտկվի։ 

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում կառավարության հրաժարականի անհրաժեշտությանը, Ա.Նռանյանը ցավով նշել է, որ Հայաստանում չկա սեփական սխալներն ընդունելու ավանդույթ.

-Ինձ համար հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է կատարվի մեր տնտեսությունում, ինչպե՞ս պետք է իրավիճակը սրվի, որ կառավարության ներկայացուցիչներն ու իշխանության տնտեսական թիմը խոստովանեն, որ իրենք այլևս չեն տիրապետում իրավիճակին և չեն կարող տնտեսական քաղաքականություն վարել։ Ակնհայտ է, որ ունենք բազմաթիվ բացթողումներ, և կառավարությունն այսօր կարծես խճճվել է իր տնտեսական քաղաքականության մեջ այնպես, ինչպես խճճվել ենք արտաքին քաղաքականության մեջ։ - ընդգծել է Արա Նռանյանը։

Քանի որ կառավարության անդամները քաղաքական մեծամասնության կողմից գործադիր գործուղված անձինք են, նրա համար տարօրինակ են քաղաքական մեծամասնության պասիվությունը և համբերատարությունը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում ձևավորվել է  յուրահատուկ իրավիճակ.

-Այսօրվա կառավարության գործունեությունից դժգոհ են թե՛ մեծահարուստները և խոշոր գործարարները, թե՛ շարքային քաղաքացիներն ու ամենաանապահով խավերը։ Կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ չկա վստահություն ոչ ոքի մոտ, և ինձ համար տարօրինակ է, որ այս կառավարությունը դեռևս հրաժարական չի տալիս,- ընդգծել է Ա. Նռանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը