Լրահոս

19.03.2010 14:30


ՀՀԿ պատգամավոր. «Դա վրաերթ չի, դա պատահար է»

ՀՀԿ պատգամավոր. «Դա վրաերթ չի, դա պատահար է»

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել են՝ մտածե՞լ եք՝ ինչից է, որ սկանդալային պատմությունների մեջ անընդհատ ՀՀԿ պատգամավորներն են հայտնվում։

-Ավելի շատ ձեզնից է,- պատասխանել է Գ. Սահակյանը,- նյութ չունենալով՝ փաստերն այնպես եք ծաղկացնում, կարծես հայոց աշխարհը փլվում է։

Գ. Սահակյանը նշել է նաև, որ թերթ վաճառելու համար լրագրողները սենսացիաներ են փնտրում՝ ավելացնելով, որ, օրինակ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից մարտի 17-ի երեկոյան Երևանի Հերացի փողոցում 311 ՕՕ 11 պետհամարանիշի «Շևրոլե» մակնիշի մեքենայով 43-ամյա մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին լուրն անիմաստ, անհեթեթ, պրովակացիոն է, և ՀՀԿ պատգամավորն այդ միջադեպի հետ կապ չունի։

Գ. Սահակյանը նաև նշել է, որ «վրաերթ» հասկացությունը լրագրողները ճիշտ չեն բնութագրել։

-Վրաերթ կլիներ, եթե խախտում կատարեր մեքնենան։ Խախտումը կատարվել է հետիոտնի կողմից,- ասել է նա։

Իսկ այն ակնարկին ի պատասխան էլ, որ ոստիկանությունից են փոխանցել վրաերթի մասին փաստը՝ Գ. Սահակյանը նշել է.

-Դուք գիտեք՝ ոստիկանությունում մամուլի աշխատողներից ավելի շատ գիտե՞ն։ Վրաերթ նշանակում է, որ օրենք են խախտել։ Եթե իր ճանապարհն է, մեքենան գնում է, դա վրաերթ չի, դա պատահար է։ Ինչ-որ մեկը մամուլի խոսնակ է, որը նույն կրթությունն ունի, չի կարողանում իրավաբանական բառը ճիշտ տեղը դնի։ Ես մեղավո՞ր եմ դրա համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը