Լրահոս

22.02.2019 18:27


ՀՀ ոստիկանությունը որոշ ստորաբաժանումների հարցաքննությունների սենյակներում կտեղադրի տեսաձայնագրման համակարգեր (լուսանկար)

ՀՀ ոստիկանությունը որոշ ստորաբաժանումների հարցաքննությունների սենյակներում կտեղադրի տեսաձայնագրման համակարգեր (լուսանկար)

Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ տեսաձայնագրման համակարգերի կիրառման ինչպես տեխնիկական առանձնահատկություններին, այնպես էլ իրավական հիմքերին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է պիլոտային նախաձեռնություն՝ նախատեսված ԵՄ-ի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով, որի համաձայն Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր: Ծրագրի իրականացման նպատակով ընթանում են համապատասխան տեխնիկական սարքերի և համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ:

Այցի ընթացքում Բելֆաստի ոստիկանության մասնագետները հանգամանալիորեն ներկայացրել են ձերբակալվածներին պահելու վայրերում, ինչպես նաև հարցաքննության սենյակներում կիրառվող տեսաձայնագրման համակարգերը, դրանց կիրառման տեխնիկական և իրավական կանոնակարգերը:

Պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրման ժամանակակից համակարգեր՝ համապատասխան իրավական հիմքերի նախատեսման հետ զուգահեռ: Ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում: ՀՀ ոստիկանությունում տեսաձայնագրման համակարգերի ներդրումը միջազգային բարենպաստ փորձի հետևանք է և ուղղված է խոշտանգումների կանխարգելմանը:

Այս խորագրի վերջին նյութերը