Լրահոս

19.03.2010 15:40


Վարդան Բոստանջյանը չի կարող ասել այն, ինչ ուզում է

Վարդան Բոստանջյանը չի կարող ասել այն, ինչ ուզում է

ՍԴՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը. զարգացումներ և հեռանկար» թեմայով  քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, թե երկրում ստեղծված հետճգնաժամային իրավիճակի և սոցիալ-տնտեսական լարվածության պատճառը կառավարման որակի ցածր մակարդակն է։

-Այն, որ այսօր մեր կառավարման որակը ցածր է, միայն հիշյալ իշխանությունների խնդիրը չէ, քանի որ բոլոր կառավարությունների օրոք էլ մենք այս խնդիրն ունեցել ենք: Սակայն ներկայումս իրավիճակը սրվել է, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամին է համընկել: Ճգնաժամը ծայր առավ ֆինանսական հատվածից, իսկ Հայաստանն ինտեգրված չէր համաշխարհային ֆինանսական համակարգին, քանի որ ֆինանսական հատված, որպես այդպիսին, չկար մեր երկրում,-ասել է նա։

Վարդան Բոստանջյանը, սակայն, խոստովանել է, որ կոալիցիայում լինելու փաստն իրեն թույլ չի տալիս ազատ լինել և, գնահատելով իրավիճակը, ասել այն, ինչ կցանկանար արտահայտել։ Նրա խոսքերով՝ անգամ ոչ մասնագետները տեսնում են մեր տնտեսության խոցելի տեղերը։

Խոսելով բանկային համակարգի մասին՝ Վարդան Բոստանջյանը նշել է, որ այս հատվածի զարգացածության մակարդակը պետք է չափել ըստ այն հանգամանքի, թե որքանով է այն նպաստում երկրի տնտեսության զարգացմանը: Նա պնդել է, որ բանկային բարձր տոկոսադրույքները խոսում են ոչ հօգուտ այս հարցի, և որ բանկային հատվածի զարգացածությունը զուտ լոկալ բնույթ է կրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը