Լրահոս

19.03.2010 16:27


Արծվիկ Մինասյան. «...սահմանի բացումը միանշանակ չէ, որ տնտեսական արդյունքի կարող է բերել»

Արծվիկ Մինասյան. «...սահմանի բացումը միանշանակ  չէ, որ տնտեսական արդյունքի կարող է բերել»

ՍԴՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը. զարգացումներ և հեռանկար» թեմայով  քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին, ասել է, թե ակնհայտ է, որ այսպիսի վիճակում գտնվող երկրի համար հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի բերի Հայաստանում իրավիճակի բարելավման, այլ ավելի մեծ հավանականությամբ կարող  է հանգեցնել դրա վատթարացմանը։

-Եթե խոսում ենք սահմանների բացման մասին, ապա 1-ին գործողությունը կառավարության կողմից պետք է լինի Թուրքիայի հետ առնվազն այնպիսի համաձայնագրի կնքումը, որը կերաշխավորի հավասար պայմաններ, և երկրորդ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցություններ տարվեն, որպեսզի փոփոխվեն Հայաստանին պարտադրվող պայմանները,-նշել է նա։

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ հայ-թուրքական սահմանի բացումը չի նպաստի նաև մրցունակության բարձրացմանը։

-Սահմանի բացումից օգուտ կա, բայց այդ օգուտը տրվելու է մի քանի անձանց, ովքեր այսօր մենաշնորհներ ունեն այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնք Թուրքիայում իրացնելը  նախընտրելի կլինի։ Եվ այդ իրացումից ստացվող օգուտը կգնա ՀՀ-ի մի քանի մարդկանց գրպանը մի քանի միլիոնի տեսքով, իսկ որպես վնաս կունենանք 450-500 հազար գործազուրկների բանակ, նոր սոցիալական ծանրաբեռնվածություն և մենաշնորհների խորացում։ Եթե մենք քայլեր չենք անում, ապա սահմանի բացումը (նույնիսկ առանց նախապայմանների) միանշանակ չէ, որ տնտեսական արդյունքի կարող է բերել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը