Լրահոս

19.03.2010 16:44


Շիրակի մարզում ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ընկերական հարաբերությունների մեջ են

Վերջին շրջանում ներիշխանական լարվածությունը ԲՀԿ-ՀՀԿ տարաձայնությունների համատեքստում Շիրակի մարզի կուսակցականներին, կարելի է ասել, շրջանցել է:

Ավելին, սույն կուսակցությունների Գյումրու ներկայացուցիչները գտնում են, որ իրենց բարիդրացիական հարաբերությունները վերջին զարգացումներից չեն տուժել, և իրենք շարունակում են արդյունավետ համագործակցել: ՀՀԿ Գյումրիի 3 տարածքային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովն իշխանական 2 կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները նույնիսկ օգտակար է համարում:  

«Կա՞ արդյոք լարվածություն ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև» հարցին Բորիս Ալեքսանովը պատասխանել է. «Ես ոչ իրավունք ունեմ հավատալ նման խոսակցություններին, ոչ էլ ժխտել դրանք: Ամենայն հավանականությամբ ինչ-որ նախապայմաններ կան, որ նման խոսակցություններ են տեղի ունենում: Բայց մեր կառավարության մեջ դա բնական է, և ամեն ինչ չէ, որ հարթ է. բնականաբար, պետք է լինեն նաև տարաձայնություններ: Իսկ այս տարաձայնությունների պարագայում վերագրել, որ կա առճակատում, ես ճիշտ չէի համարի: Զուտ աշխատանքային տարաձայնություններ են, որոնք ավելի շատ օգուտ կբերեն, քան կվնասեն մեր այսօրվա իշխանություններին»:

«7օր»-ի հարցին՝ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետականն ի՞նչ հարաբերությունների մեջ են, և կա՞ արդյոք մարզում լարավածություն 2 կուսակցությունների միջև, ՀՀկ տարածքային կառույցի ղեկավարն ասել է. «Բացարձակ. Շիրակի մարզում մենք ավելի ընկերական հարաբերությունների մեջ  ենք, և սկզբունքային ոչ մի հակասություն չկա: Նույնիսկ  մարզային խորհրդի նիստերի ժամանակ ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առումով ոչ մի շահարկում և քննարկում բացասական իմաստով չի եղել»:

Իսկ ԲՀԿ մարզային խորհրդի քարտուղար Աղասի Աբրահամյանի կարծիքով, եթե տարաձայնություններ կան, ապա դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեղքով չէ: Պատճառն իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին ոչ ադեկվատ արձագանքն էր. «Տարաձայնությունները եղել են Երևանում՝ ընդամենը մեկ անկեղծ կարծիքի հետ կապված, որը կառուցված է բացառապես առողջ տրամաբանության վրա: Եթե երկրի տնտեսությունում գործերն այսչափ վատ են, ուրեմն ինչպիսի՞  գնահատական կարելի է տալ այդ երկրի Էկոնոմիկայի նախարարին: Այդ հայտարարությանը ոչ թե պետք էր հակադարձել, այլ պետք էր լայն քննարկումներ սկսել դրա վերաբերյալ»,-ասել է Աղասի Աբրահամյանը: Վերջինիս կարծիքով երևանյան տարաձայնությունների ալիքը Գյումրի չի հասել, և ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև հակասություն, նրա խոսքերով, բացարձակապես չկա ու չի էլ եղել»:

Նշենք, որ Շիրակի մարզում ԲՀԿ մարզային խորհրդի նախագահն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երկուսն էլ 2008թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ պայքարում էին միմյանց դեմ Գյումրու քաղաքապետի աթոռի համար:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը