Քաղաքական

19.03.2010 17:40


Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավորների քննարկման առարկա

Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավորների քննարկման առարկա

Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում 170 հազար հայ է ապրում, որոնցից 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, և եթե հարկ լինի, ապա այդ հարյուր հազարին կասի, որ լքեն Թուրքիան։

«Ես դա կանեմ, որովհետև նրանք մեր քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ նրանց պահել մեր երկրում»,-նշել էր Էրդողանը։

ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանն այս հայտարարության ենթատեքստում տեսնում է, որ Էրդողանն ի նկատի է ունեցել Թուրքիայում ապրող ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ բոլոր հայերին։  

-Սա ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել։ Թուրքիայում իշխանությունները փոխվում են, ձեռագիրը չի փոխվում,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Հ. Կարապետյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով էլ միջազգային որոշ դիվանագետների մոտ ստեղծված այն տպավորության մեղավորը, թե Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը, հենց մեր երկիրն է՝ իր այլանդակ ընտրություններով, կաշառակերությամբ, դատական համակարգի նման վիճակով և այլն։ Իսկ թե Թուրքիայի ժողովրդավարությունն ի՞նչ արժե, ըստ Վ. Հովհաննիսյանի, Էրդողանի այդ հայտարարությունից լիովին պարզ դարձավ։

-Էրդողանը հավանաբար պահի տակ դիմակը կորցրեց, և աշխարհը տեսավ , թե ինչ երկրի հետ գործ ունի,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով.

-Ինչ վերաբերում է մեր հայորդիներին, որոնք այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, ես խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետև պարզ է՝ ում հետ գործ ունենք, և պարզ է, որ նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողությունների ազդակ։ Գիտենալով՝ ինչ երկրի հասարակության մասին է խոսքը՝ ես զգուշավորության կոչ կանեի Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին ՝ եթե ունեն հնարավորություն, արագորեն դեպի հետ Հայաստան կամ Թուրքիայից դուրս ճանապարհ բռնեն։

Փոխարենն ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այն կարծիքին չէ, որ «Թուրքիայում սփռված հայեր կան, որոնք աշխատանքի են գնացել, որ այսօր էլ դուրս գան»։

-Այնպես որ չեմ կարծում, որ դուրս գալու, ներս գալու խնդիրներ կան։ Այսօր կոնկրետ մեր պետության համար և՛ պետական, և՛ քաղաքական խնդիրներ կան, ու այդպես չէ, որ այսօր այն վիճակն է, որ նորից մեր ժողովրդի մեջ վախի սինդրոմ պետք է առաջացնենք, որ իբրև թե թուրքերը նորից արյան հետ խաղացող միջավայր, բազմություն կարող են ստեղծել,- հայտարարեց Գ. Սահակյանը։

Թեև ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ վերոնշյալ հայտարարությամբ Էրդողանը բյուրեղացնում է Թուրքիայի պատմությունը.

-Թուրքիայի ամբողջ պատմությունն արյունոտ է։ Մեզանից պետք է գոհ լինեն, որ փորձում ենք ճշմարտությունն ընդունելի դարձնել աշխարհի առաջ, դրանով իսկ այդ արյան բծերն իրենց պատմությունից ինչ-որ չափով դուրս հանել։

Գ. Սահակյանը նաև հայտարարեց, որ անհնար է Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հաշվին առք ու վաճառքի գնալը.

-Ո՛չ որևէ հասարակություն, ո՛չ էլ որևէ իշխանություն չի գնա այդ ճանապարհով, այնպես որ պետք է համակերպվեն իրենց պատմական դեմքին և մի քիչ լսեն միջազգային հանրությանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նախընտրեց զերծ մնալ Թուրքիայի հայերին ուղղված նմանատիպ հորդորներից և նշեց.

-Թուրքիայում այսօր գտնվող հայաստանցիները Թուրքիա են գնացել ո՛չ Հայաստանի քաղաքական ուժերի կոչով, ո՛չ էլ Հայաստանի պետության հարկադրանքով, և նրանց այնտեղից հանելը, շարժելը, տեղափոխելը մարդու իրավունքների համաշխարհային ընդունված սկզբունքների հետ այդքան էլ չի համապատասխանում։

Ա. Սաֆարյանը նաև շատ է ցավում, որ «21-րդ դարի Թուրքիայի վարչապետը հայ ժողովրդի հետ սկսել է խոսել ոչ թե մեր օրերին հարիր լեզվով, այլ Օսմանյան կայսրության ժամանակների ատավիզմով»։

Այդուհանդերձ, ԲՀԿ անդամը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները, չնայած բարդություններին, դեռ տեղ ունեն կարգավորվելու.

-Կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվելու է։

Մեկ այլ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում է, որ Եվրամիության անդամ դառնալու հավակնություններ ունեցող երկրի քաղաքական էլիտային հարիր չեն նման հայտարարությունները։

-Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է հավակնել եվրոպական մեկ միասնական ընտանիքի անդամ լինելուն միջնադարյան ինկվիզիցիայի իր պատկերացումներով և գործելաոճով,- նշեց Ն. Զոհրաբյանը։  

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ զարմանում է, թե եվրոպական արժեքներին ձգտող պետության բարձրաստիճան պաշտոնյան ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել։

-Իհարկե շատ բացասական եմ գնահատում, և ընդհանրապես այն պետությունները և երկրները, որոնք ձգտում են եվրոպական արժեքներին, առաջին հերթին պետք է կարևորեն նաև իրենց երկրում ապրող փոքրամասնություններին,- հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ Թուրքիայից անընդհատ հակասող և իրարամերժ կարծիքներ են հնչում, այդ իսկ պատճառով ՕԵԿ-ի մոտ անլուրջ վերաբերմունք չկա նրանց գնահատականների վերաբերյալ։

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոտսանջյանը Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանն ի պատասխան մի փաստաթուղթ է պատրաստում, որն ուղարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամներին և պաշտոնյաներին։ Փաստաթղթում մասնավորապես ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի վարչապետը նմանօրինակ հայտարարություններով է հանդես գալիս։

-Ստամբուլը՝ նախկինում Կոնստանդնուպոլիս, ոչ միայն ազգությամբ թուրքերի քաղաքը կարող է համարվել, այլ հավասարապես կարող է համարվել նաև հայերի, հույների, ասորիների քաղաք։ Նման արտահայտություններն իհարկե անընդունելի են և խախտում են Եվրախորհրդի կողմից ընդունված բազմաթիվ փաստաթղթերը,- հայտարարեց Զ. Փոստանջյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը