Լրահոս

20.03.2010 13:38


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սիրիայի Արաբական Հանրապետության

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Նախագահ Սերժ Սարգսյանը' տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ  Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհտեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի անունից' ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

ՀՀ Նախագահը «Հայ-սիրիական հարաբերությունները»  թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:

Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնը  կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Հայաստանի Նախագահը այցի շրջանակում կլինի նաեւ Հալեպում եւ Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը