Լրահոս

21.03.2010 12:19


Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը

Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի երեկվա մի շարք հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է. «Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այդ մենախոսության համաձայն Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն ինչի հասել է հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել:

Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիեւը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից:

Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը եւ ագրեսիային: Ադրբեջանը' ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռեւս  1994 թ.:    

Նախագահ Ալիեւի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության եւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված  տարածքներից եւ սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչեւ պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»:  

Այս խորագրի վերջին նյութերը