Քաղաքական

05.03.2019 09:30


2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել

2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել

Tert.am-ի տեղեկություններով` մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։

Տեղեկության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցադրումներով, թե սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը քանի զոհ է գրանցվել ԶՈւ-ում ու ՊԲ-ում։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել,4 մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Այսինքն՝ 1 ամիս 21 օրվա ընթացքում զոհվել է 7 զինծառայող։ ՀՀ գլխավոր դատախազությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են.

«2019 թվականի հունվարի 1-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան 3 դեպք։

1․ Էդ․ Գրիգորյանի՝ 01․01․2019թ․ մարտական հերթապահության ընդգրկված լինելու ընթացքում մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2․ Մ․ Գրիգորյանի՝ 11․02․2019թ․ մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ժամկետային զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

3․ Ֆ․ Թամազյանի՝ 12․02․2019թ․ առողջական վիճակի հետ կապված մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, և 2-ը՝ ավտովթարի հետևանքով»։

Նշված չորս դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն կամ գրառում չի արվել։

Նշենք, որ Էդգար Գրիգորյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, Մեսրոպ Գրիգորյանի մահվան փաստի առթիվ՝ սպանության հատկանիշներով, Թամազյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Tert.am-ը լրացուցիչ հարցումներ է ուղարկել չորս զինծառայողի մահվան դեպքի հանգամանքների և հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին զոհված Էդգար Գրիգորյանի մասին ևս չէր հայտնել, տեղեկությունն առաջինը հայտնել է Tert.am-ը։ Այդ լուրի հրապարակումից հետո մեկ այլ դեպքի՝ զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի զոհվելու մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկ այլ զինծառայողի մահվան մասին հայտնել է Արցախի ՊԲ-ն. «Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին, նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը»։

Այս խորագրի վերջին նյութերը