Լրահոս

22.03.2010 13:30


Նաիրի Բադալյան. «Հայցադիմումս ուղղված է ոչ թե կոնկրետ քաղաքացի Քոչարյանի դեմ, այլ երկրի նախագահի»

Նաիրի Բադալյան. «Հայցադիմումս ուղղված է ոչ թե կոնկրետ քաղաքացի Քոչարյանի դեմ, այլ երկրի նախագահի»

Լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանն ապօրինի ձերբակալության, խոշտանգումների ենթարկվելու, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի հետ իր անունը կապելու համար ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում է պահանջում:

Ն. Բադալյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն օժանդակելու համար, սակայն 2000թ. հունիսի 27-ին ապացույցների անբավարարության հիմքով քր. գործը կարճվել է:

2007թ. մայիսի 22-ին Ն. Բադալյանը   ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել:

Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ դատարան 3 հայց է ներկայացրել: Առաջինով բողոքարկում է վարույթն իրականացնող մարմնի անգործությունը, երկրորդով, որպես հանցագործության զոհ, պետական բյուջեից իրեն փոխահատուցում տրամադրելու պահանջ է ներկայացնում, երրորդ հայցով ՀՀ նախագահից, գլխավոր դատախազից, ոստիկանության պետից և զինվորական ոստիկանության պետից պահանջում է իրենից պաշտոնապես ներողություն խնդրել:

-Իմ իրավունքների նկատմամբ խախտումը կատարել է երկիրի նախագահը, ոչ թե քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը, ու հիմա եթե Գասպար Պողոսյանն էլ լինի երկրի նախագահ, իմ ներողությունը ես պահանջելու եմ Գասպար Պողոսյանից, ոչ թե կոնկրետ ինչ-որ անձից: Դրա համար էլ հայցադիմումս ուղղված է ոչ թե կոնկրետ քաղաքացի Քոչարյանի դեմ, այլ երկրի նախագահի,-մասնավորապես ասել է Ն. Բադալյանը:

Նա նաև նշել է, որ ցանկանում է սպառել ներպետական դատական բոլոր ատյանները՝ այնուհետև միջազգային դատարաններ դիմելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը