Քաղաքական

07.03.2019 19:53


Նիկոլ Փաշինյանը բարկացել է Արսեն Թորոսյանի վրա (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բարկացել է Արսեն Թորոսյանի վրա (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:

Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ ստիպված են քննարկել մի օրինագիծ, որն այսօր առավոտյան են ստացել. «Հիմա պետք է քվեարկենք մի նախագիծ, որն այսօր առավոտյան ենք ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ակցիզային հարկի փիլիսոփայությունը այսպես ասած դեֆորմացվել է: Մեկը շաքարի հարկ կոչեցյալն է, որը փաստացի արդեն գազավորված ըմպելիքների հարկ է: Սա արդեն ոչ մի կապ չունի առողջապահական խնդիր լուծելու հետ: Գազավորված, շաքար չպարունակող, այլ այլ նյութեր պարունակող հյուղթերը նույնքան վնասակար են, որքան հանքային ջրերը: Այսինքն այդտեղ վնասակար է միայն CՕ2 գազը»,-ասաց Թորոսյանը նկատելով, որ ծխախոտի (խոսքն էլեկտրոնային ծխախոտի մասին է-խմբ) ակցիզային հարկը նախորդ օրինագծում մոտ 8 հազար դրամ էր, հիմա 4 անգամ իջել է:

Առողջապահության նախարարը հայտարարեց, որ իրենց համար անընդունելի կարգավորումներ են սրանք եւ այս տեսքով օրինագիծը չպետք է գնա Ազգային ժողով:

Այս ելույթը զայրացրեց վարչապետ Փաշինյանին. «8 ամիս քննարկում ենք, պարզվում է, էլի տեղյակ չենք քննարկումից: Ինչու է այդպես»,-հարց ուղղեց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այո, էլեկտրոնային ծխախոտի ակցիազային հարկը նվազել է, որովհետեւ ոլորտի մասնագետները նշում են, որ չնվազելու դեպքում կունենայինք հարկային մուտքերի նվազում:

Փաշինյանը դիմելով արսեն Թորոսյանին ասաց, որ իր ասած ձեւակերպումների տակ ընկնում են նաեւ հայկական արտադրության կոմպոտները. «Մենք գյուղացիների մթերման մասին պե՞տք է մտածենք, թե չպետք է մտածենք: Մենք կառավարություն ենք եւ չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն կամ միայն ֆինանսների նախարարություն: Ամեն ինչի մասին էլ պետք է մտածենք: Սննդի ոլորտում մենք էնքան խնդիրներ ունենք, օրինակ սպիտակ հացը մարդկանց առողջությանը վնաս է: Բռնենք նենց անենք, սպիտակ հացը 6 անգամ թանկանա, մարդիկ չուտեն կամ քիչ ուտեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ երկրում պետք է մտածված հակածխախոտային քաղաքականություն տարվի, որովհետեւ դա նաեւ հարկ վճարող ամենաարդյունավետ ճյուղերից է:

Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ իրենց հետ չեն խոսել ակցիզային հարկը նվազեցնելիս, Փաշինյանը կտրուկ արձագանքեց. «Դուք տեղյակ չէի՞ք: Որ հ/կ-ն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ինձ համար անհասկանալի է: Անձամբ ես ձեզ հետ 5 անգամ այս թեմայով խոսակցություն եմ ունեցել: Իսկ ո՞վ է ասել, որ երեկ երեկոյան պետք է իմանայիք այս փոփոխության մասին:

Եկեք ծխախոտի արտադրությունը ՀՀ-ում վաղվանից արգելենք, տեսնենք ինչ կլինի: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում: Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի»,-ասաց վարչապետը:

Առողջապահության նախարարն էլ արձագանքեց. «Ինձ էլ է հետաքրքրում, որ հարկային մուտքեր լինեն, որ մեր ոլորտին էլ հատկացումներ լինեն»:

Վարչապետը հայտարարեց, որ կառավարության կողմից Հարկային օրենսգրքի ընդունումից հետո այն շարունակում է նախագիծ մնալ, եւ կոնկրետ այդ հարցը նորից հավելյալ կքննարկվի:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը