Լրահոս

22.03.2010 15:54


Պուշկինի 3 շենքի բնակիչները բողոքում են

Պուշկինի 3 շենքի բնակիչները բողոքում են

Այսօր «Ուրբաթ» ակումբում մամուլի ասուլիս են հրավիրել Երանի Պուշկինի 3 շենքի բնակիչները և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Պուշկինի 3 շենքի բնակիչներից 90-ը բողոքում են իրենց կանաչապատ տարածքի ոչնչացումից։ Նրանց խոսքերով՝ մարտի 13-ի առավոտյան ժամը 6։30-ին անսպասելի բակ են մուտք գործել բուլդոզերները և սկսել արմատախիլ անել ծառերն ու թփերը։ Նշենք, որ 2007-ից Պուշկինի 3-ի անմիջապես հարևանությամբ՝ Աբովյան 8 հասցեում, էլիտար շենք է կառուցվել։ Բնակիչների խոսքերով՝ 2009-ին իրենցից խաբեությամբ ստորագրություններ են կորզվել իբրև թե Աբովյան 8 շենքին կից փոքր ավտոկայանատեղիի մուտք բացելու նպատակով, սակայն ինչպես վերջին 10 օրերին իրականացվող աշխատանքի ծավալներն են ցույց տալիս, խոսքը ստորգետնյա խոշոր ավտոկայանատեղի կառուցելու մասին է։ Բնակիչներն անհանգստանում են նաև, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակ կառուցված Պուշկինի 3 շենքի հիմքի անմիջապես հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքները կարող են խարխլել շենքի ամրությունը։

Բնակիչները պատրաստվում են դիմել դատարան, իսկ մինչ այդ դիմել են մի շարք պատկան մարմինների, սակայն ինչպես բնակիչներն են ասել, իրենց բողոքները մնացել են անարձագանք։

-Չեմ ասում՝ հուսահատվել ենք, պետք է շարունակենք այս գործը, բայց ես հիշում եմ, թե նույն կերպ ինչպես էինք փորձում Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների հետ պայքարել։ Իհարկե որոշակի հաջողություններ եղան, բայց շատ բարդ է, որովհետև ոչ իրավական երկրում ենք ապրում։ Մարդիկ ուղղակի չգիտեն ինչ անել, անօգնական վիճակ է,- լրագրողներին ասել է Ավետիք Իշխանյանը՝ այս ամենը բացատրելով Հայաստանի իշխանությունների կողմից բնակչության նկատմամբ ունեցած համատարած արհամարհանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը