Մեկնաբանություն

10.03.2019 15:35


Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այլ կերպ ասած՝ Արցախի հարցով բանակցային միջնորդների համատեղ հայտարարությունը սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի վրա։

Այդ հայտարարությունը տեղ չի թողնում քաղաքական ու նաև աշխարհաքաղաքական պոպուլիզմի համար։ Հայտարարությունը նաև Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։

Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի հարցում իր մոտեցումներն ամբողջությամբ տարբերվում են ՀՀ բոլոր նախորդ ղեկավարների մոտեցումներից, դա «հեղափոխական կուսությունը» պահելու շրջանակներում էր տեղավորվում։ Բայց տակը բան չկար։ Օրիգինալ երևալու մոլուցքը Հայաստանին ու Արցախին լուրջ հարված հասցրեց։

Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախցիներն իրեն չեն ընտրել և ինքը չունի մանդատ Արցախի հարցով բանակցելու համար, դա իրականում պատասխանատվությունից խուսափելու համար էր արվում։ Դա նաև Արցախը «պոդստավկա» անել էր նշանակում։

Երբ Փաշինյանը հայտարարում էր, թե ընդամենը շփվում է Ալիևի հետ, դա իրականում նշանակում էր բանակցությունները թաքցնելու փորձ։ Բանակցություններ, որոնք ընթանում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հովանու ներքո, և որոնք տեղավորվում էին «Տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց» բանաձևի շրջանակներում։

«Իքս» պահից սկսած Փաշինյանը հետ քաշվեց Բոլթոնի պլանից, բայց արդեն համը հանել էր ու կտրուկ փոխել իրավիճակն ի վնաս մեզ։ Այս առումով տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում՝ մինչև համանախագահների հայտարարության հրապարակումը։

«Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»,–ասել էր Քոչարյանը «168 ժամի» հետ հեռակա հարցազրույցում։

Ցավոք այդպես էլ եղավ։

Համանախագահների վերջին հայտարարությունը վերադարձրեց բանակցությունները դեպի Կազան, այսինքն՝ 2011 թվական, որը ավելի լավ է, քան Բոլթոնի պլանը, բայց ավելի վատ է մեր մեկնարկային դիրքերի տեսանկյունից։ Վերադարձ դեպի Կազանը նշանակում է, որ Ադրբեջանի նախաձեռնած 2016–ի ապրիլի քառօրյան այլևս «դուրս գրվեց» Բաքվի վրայից։

Միջնորդներն իրենց հայտարարությամբ Փաշինյանին արդեն ուղիղ տեքստով են ասում, որ բանակցային ձևաչափի փոփոխություն չի լինելու, այսինքն՝ Փաշինյանը, պատճառաբանելով, որ չունի արցախցիների մանդատը, չի կարողանալու հայտարարել, որ չի բանակցելու Արցախի հարցով։

Եթե Փաշինյանը շարունակի պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, ապա դա լեգիտիմ հնարավորություն կտա Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ։ Համանախագահների հայտարարությունը կանխում է ռազմական գործողությունների իրականացումը, բայց պայմանով, որ Փաշինյանը դադարեցնելու է պոպուլիզմն ու դեմագոգիան Արցախի հարցով։

Փաշինյանը հիմա փորձելու է ներքին լսարանի համար դեմքը փրկելու ուղիներ ման գալ, բայց դա անիմաստ զբաղմունք է։ Դեմքը պետք էր փրկել ու մեր շահերը պահել Ալիևի հետ բանակցությունների, այլ ոչ թե շոու–սելֆիների ժամանակ։

Սարսափով միայն կարելի է պատկերացնել, թե ինչպես է Փաշինյանը մտնելու բովանդակային բանակցությունների դաշտ։ Իսկ որ նրան արդեն այդտեղ են մտցնում, աներկբա է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀ ԱԳՆ–ից, արձագանքելով համանախագահների հայտարարությանը, խոսում են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների մասին, բայց հայտարարության մեջ այդ համաձայնագրերն արդեն չկան։

«Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»,–ասել է ԱԳՆ խոսնակը։

Ուշագրավն այն է, որ Դուշանբեում ոչ մի բան էլ չի ամրագրվել։ Ընդամենը բանավոր համաձայնություն է եղել, այն էլ՝ խախուտ։ Իսկ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համաձայնագրերը «ջրվել» են Փաշինյանի թեթև ձեռքով, ավելի ճիշտ՝ լեզվով։ Հիշեցնենք, որ նա Ալիևին հղում անելով հայտարարում էր, որ Սանկտ Պետերբուրգում ոչ մի համաձայնություն էլ ձեռք չի բերվել։

Պաշտոնական Երևանի անգրագետ ու անհեռատես քաղաքականության արդյունքում Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համաձայնությունները զրոյացվել են։ Այդ համաձայնությունները 2016–ի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ու համանախագահների՝ Ադրբեջանի վրա ճնշման արդյունքում էին ձեռքբերվել, բայց «ջրվեցին» Փաշինյանի «վերելակային» դիվանագիտության արդյունքում։

Կրկին մեջբերենք Քոչարյանի հարցազրույցից մի հատված. «Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար»։

Այս խորագրի վերջին նյութերը