Տնտեսական

11.03.2019 10:25


«Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը». ակցիա Կառավարության դիմաց (տեսանյութ)

«Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը». ակցիա Կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» եւ այլն:

Ակցիայի մասնակիցները ենթով եկան կառավարության դիմաց:

Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:

Աղբյուրը՝ News.am

***

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ: Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին:

Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով. առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը: Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում:

Արման Պողոսյանի խոսքով` առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ: Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները առաջարկում են վերադառնալ նախագծի նախնական տարբերակին, այսինքն` ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝ մարտի 12-ին, արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը