Մեկնաբանություն

11.03.2019 13:35


Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Կան սխալներ, որոնք շատ թանկ են նստում։ Հատկապես երբ այդ սխալը թույլ է տալիս պետության ղեկավարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արձանագրեց Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախի խնդրի բանակցային գործընթացում արձանագրած ձախողումը։

«Ժողովրդի վարչապետ» դարձած Նիկոլ Փաշինյանի միակ տեսակետը և խոստումն Արցախի հետ կապված այն էր, որ Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, որ հակամարտության կարգավորման հարցով պետք է բանակցությունը վարի Արցախի իշխանությունը, քանզի ինքն արցախցիների կողմից չի ընտրվել և չի կարող նրանց անունից բանակցություն վարել։

Թեև Փաշինյանն ու իր քարոզչամեքենան «Արցախը պետք է մասնակցի բանակցություններին» բանաձևը դարձրել էին ռազմահայրենասիրական դրոշակ, այդուհանդերձ, իրականությունն այն է, որ «Իմ քայլի» ղեկավարը պարզապես խուսափում է պատասխանատվությունից։ Բացի այդ՝ Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում բանակցային գործընթացին ու չի հասկանում նրբությունները։

Արցախի հարցում փաշինյանական իշխանության մոտեցումները հայտնի չեն, քանզի հնչել են լղոզված ձևակերպումներ։ Փոխարենը՝ կան կասկածներ, թե ինչի շուրջ են բանակցել Փաշինյանն ու Մնացականյանը Ալիևի ու Մամեդյարովի հետ, քանզի Բաքվում աննախադեպ լավատեսությամբ էին լցված այդ բանակցություններից հետո, իսկ միջնորդներն արդեն խոսում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։

Պատասխանատվությունից փախչելն ու անգրագիտությունն իրենցն արեցին, և հիմա մենք կանգնած ենք կա՛մ ավելի վատ պայմաններում բանակցային գործընթացին մասնակցելու պարտավորության, կա՛մ պատերազմի վերսկսման առաջ։

Համանախագահները շատ հստակ հայտարարել են, որ բանակցային ձևաչափի փոփոխություն չի լինելու։ Եթե հիմա Փաշինյանը ներքին լսարանի մոտ դեմքը փրկելու համար համառի, ապա ապակառուցողական կողմ կդառնա պաշտոնական Երևանը, ինչը Ադրբեջանին կտա ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։

Փաշինյանը «ժողովրդի վարչապետ» ընտրվելիս պատերա՞զմ էր խոստացել։ Ո՛չ, չէր խոստացել։ Միակ բանը, որ նա Արցախի հարցով խոստացել էր, Արցախը բանակցային կողմ դարձնելն էր, ինչը չի արել։ Ասել է թե՝ նա տվել է խոստում, որը չի կատարել։ Ելնելով պոպուլիստական նկատառումների՞ց է նա ստել, որ Արցախը կդարձնի բանակցային կողմ, թե՞ անգրագիտությամբ պայմանավորված է սխալվել, արդեն երկրորդական նշանակություն ունի։ Գլխավորն այն է, որ Փաշինյանը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցում սխալվել է։

Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը