Տնտեսական

11.03.2019 16:55


Պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում է

Պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում է

2018 թվականին քրեական 134 գործի շրջանակում պետությանը պատճառվել է 23 մլրդ 983 մլն դրամ գումարի վնաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի չափերն ըստ նախնական հաշվարկների:

«2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ՝ նախնական հաշվարկով»,- ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործերի շրջանակներում պետական բյուջե 2016 թվականին վերականգնվել է 4 մլրդ 563 մլն դրամ, 2017 թվականին 8 մլրդ 462 մլն դրամ, 2018 թվականին 8 մլրդ 556 մլն դրամ գումար:

«2018 թվականի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրգործերով, որոնց վերաբերյալ ՊԵԿ-ը հանդես է եկել համապատասխան հրապարակումներով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Բադասյանն ասաց, որ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։

Այս խորագրի վերջին նյութերը