Քաղաքական

13.03.2019 12:55


Ապամոնտաժվում էին Օպերայի հարակից տարածքի սրճարանները․ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)

Ապամոնտաժվում էին Օպերայի հարակից տարածքի սրճարանները․ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքի սրճարանները:

Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Մինչ այդ, որոշումը ստանալուց հետո Tert.am-ի հետ զրուցում «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել էր, որ այդ որոշումը միակողմանի է. «Որոշումը միակողմանի է, մեզ հետ չեն խորհրդակցել, մեր կարծիքը չեն հարցրել, հանրային քննարկում չի եղել։ Պայմանագրի մասնակի խզում է, ինչը ենթադրում է անձանց տարածքների զավթում։ Սա այլ կերպ կոչվում է խլել, այո, կուլտուրական ձևով մեզանից խլում են մեր ունեցվածքը»,-ասաց նա։

Իսկանդարյանը շեշտել էր, որ երբ տարածքը վարձակալել են, իրենց որևէ մեկը տեղյակ չի պահել, որ ինչ-որ մի պահի կարող են նման խնդիրներ առաջանալ։ Նա անթույլատրելի էր համարել քաղաքային իշխանության նման գործելաոճը, այսինքն` այն, որ միայն լիազորագիր են ներկայացնում՝ ծանուցելով քանդման մասին։ Ավելին՝ Ա. Իսկանդարյանը նկատել էր, որ իրենց՝ տարածքի վարձակալման ժամկետը չի ավարտվել։

***

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսեցին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ պատասխանատու մեկը նրանցից մոտենա, և բանակցություններ սկսեն քաղաքապետարանի հետ: «Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,-ասաց նա:

Ի վերջո, մի քանի ժամով դադարեցվեց ապամոնտաժումը, քանի որ աշխատանքները հնարավոր չէր շարունակել:

Համաձայնություն ձեռք բերվեց Կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով կդադարեն, իսկ այդ ընթացքում սրճարանների կողմից լիազորված իրավաբանը կբանակցի քաղաքապետարանի հետ:

Ապա Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:

Նա հավելեց, որ հիմա տեխնիկան դուրս է գալիս տարածքից:

Այս խորագրի վերջին նյութերը