Քաղաքական

15.03.2019 12:56


Բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են միջին խավերի իրավունքները. ՀՅԴ ՀԵՄ

Բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են միջին խավերի իրավունքները. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության հայտարարությունում ասվում է․

«Ուշի-ուշով հետեւելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի եւ միջին խավերի իրավունքները:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ եւ մեխանիզմներ կիրառելիս հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաեւ տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարեւոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները:

Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով եւ քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների եւ մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր եւ միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում եւ ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը:

Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ եւ կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել եւ կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ:

Հրամայական ենք համարում աշխատավոր դասի եւ սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը եւ վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին եւ միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում խելամիտ լուծումներ»:

Այս խորագրի վերջին նյութերը