Լրահոս

23.03.2010 15:07


Արմեն Ռուստամյան. «Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է»

Արմեն Ռուստամյան. «Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է»

-Մեր գնահատմամբ՝ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է՝ չնայած նրան, որ նաև մեր կողմից առաջադրվել էին հակաճգնաժամային քայլեր, լուծումներ, և կառավարությունը դրանք ընդունեց։ Այդուհանդերձ, այդ ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլեր մենք չտեսանք,-«Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է նաև, որ այսօր լրանում է Կոալիցիոն հուշագրի 2 տարին, որտեղ ամրագրված էին 22 առաջնահերթություններ։ ՀՅ Դաշնակցության գնահատմամբ՝ կառավարությունն այսօր չի առաջնորդվում այդ 22 առաջնահերթություններով, առնվազն՝ սոցիալ-տնտեսական ուղենիշներով։ Նա նշել է, որ այդ տեսանկյունից տարօրինակ է, որ կոալիցիոն ուժերը հրապարակավ չեն հրաժարվել դրանցից՝ միևնույն ժամանակ չփորձելով հաշվետվություն ներկայացնել դրանց իրականացման վերաբերյալ։

Որպես այս ամենի արդյունք, Ա. Ռուստամյանի խոեսքերով, Հայաստանը կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ, որի գլխավոր ախտանիշն այն է, որ հիմնախնդիրներն անհամեմատ արագ աճում, քան լուծվում են՝ հանգեցնելով խնդիրների կուտակման։ Այդպիսի խնդիրներից են անսանձ գնաճը, մենաշնորհների հարցը, որոնց դեմ ոչ միայն պայքար չկա, այլև ՀՀ տնտեսությունը փաստացի պայմանավորված է դրանց գոյությամբ, չի դադարում, ընդհակառակը՝ աճում է արտագաղթը և այլն։

Արմեն Ռուստամյանը նշել է նաև, որ ՀՅԴ-ն միայն գնահատականներով չի սահմանափակվելու. «Մենք ստեղծել ենք հատուկ աշխատանքային խումբ՝ թանկացումների և դրանց սոցիալական հետևանքների հետ կապված, պատրաստվում ենք հարցապնդում ներկայացնել կառավարությանը, որի մեջ արձանագրված կլինեն մեր բոլոր մտահոգությունները, ակնկալում ենք մեր բարձրացրած հարցերի հանգամանալից պատասխանները, նպատակ ունենք նաև այդ հարցապնդումների հիման վրա ընդդիմության նիստ անցկացնել, որից հետո կտեղեկացնենք հետագա քայլերի մասին»։

Այս պահին կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ Դաշնակցությունը որոշում չունի, բոլոր քայլերը նախապատրաստելուց և հիմնավորումներ ունենալուց հետո կդիմի համապատասխան քայլերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը