Հարցազրույց

19.03.2019 14:11


Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Անդրադարձ է կատարվել Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, վերջին զարգացումներին և մի շարք այլ հարցերի:

-Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին:

-Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչևիցե, այնքանով, որքանով որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթահարեն անձեռնմխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, և մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո´չ սահմանադրական կարգի տապալման հետ կախված և ո´չ էլ Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որևիցե մեկս որևէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրել` հասկանալու համար, թե նախաքննական մարմինն ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման ապացույցներ չկան, և մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ:

-Դուք նշեցիք, որ կաշառքի գործով մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Իսկ ահա նա հրապարակավ զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Տիկին Համբարձումյանը պնդում է, որ ինքն անձամբ Քոչարյանին կաշառք և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում:

-Պատկերացրեք, որ քրեական գործի նյութերում էլ դրանից ավել բան չկա: Այն աստիճանի հիմնազուրկ մեղադրանք է, որ անգամ դատարանն այս աստիճանի ճնշումների պարագայում մարտի 15-ին արձանագրեց, որ կաշառքի դրվագով բացակայում է անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ ապացույց: Թեև որոշումը, այնուամենայնիվ, կայացրեց պարոն Քոչարյանի դեմ:

ւրեմն նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

-Գիտեք, մեղադրանքն ինքնին շատ լղոզված արտահայտություններով է ձևակերպված, շատ հատվածներ` վերացական են: Օրինակնման արտահայտություն կա, որ իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները արել են այս-այս գործողությունները, բայց ոչ նշված է, թե ովքեր են այդ մտերիմները, ոչ էլ հասկանալի է, թե այդ մտերիմների ենթադրյալ գործողություններն ի՞նչ կերպ է նախաքննական մարմինը կապում նշվածս անձանցից յուրաքանչյուրի հետ և ի՞նչ չափով: Նմանատիպ արտահայտություններով լեփլեցուն է մեղադրանքը, ինչը մեզ ստիպեց դեռևս նախորդ մեղադրանքի պայմաններում դիմելու մեղադրանքը պարզելու միջնորդությամբ նախ քննիչին, ապա դատախազին: Երկուսից էլ մերժում ստանալով, հիմա ստիպված բողոքարկել ենք դատարան: Որովհետև հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով: Պարոն Քոչարյանը զրկված է իր ամենագլխավոր իրավունքից` պաշտպանվելու իրավունքից:

-Պարոն Ալումյան, շատերն են պարոն Քոչարյանին համարում քաղբանտարկյալ: Իրավական առումով կա՞ն նման հիմնավորումներ:

-Այո, քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձևի մեջ կա բացվածք, թե ինչ է պետք հասկանալ` քաղբանտարկյալ ասելով: Եվ դրանցից երկու դրույթը ուղղակիորեն կիրառելի է պարոն Քոչարյանի դեպքում: Առաջին դրույթն այն է, որ անձի նկատմամբ ակնհայտորեն խտրական վերաբերմունք է դրսևորվում: Երկրորդը, որ անձի նկատմամբ հետապնդումն իրականացվում է ակնհայտորեն անօրինական ճանապարհներով` եթե դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Իսկ այն, որ պարոն Քոչարյանի հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ է հայտնի գաղտնալսումներից և վարչապետի ելույթներից: Ավելին, դա ապացուցվեց նաև, երբ օրերս իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` փաստեց այն, ինչ մենք վաղուց ասում էինք: Այս ամենն իրար հետ գումարած, և դրանցից յուրաքանչյուրն առանձին գալիս է փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով:

-Թեև փաստում եք, որ երկու դրվագներով էլ մեղադրանքներն անհիմն են, սակայն դատարանները շարունակում են մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Արդյոք դատավորներին շարունակում է կաշկանդել հայտնի գաղտնալսումներում դատավոր Հրաչին իջեցված հայտնի հրահա՞նգը` «Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»:

-Այո, բայց ոչ միայն դա, կա շատ ավելի ուժեղ ճնշման միջոց, որին դիմեց մեր հարգելի վարչապետը: Նա մարդկանց մոտ թշնամանք առաջացրեց այն դատավորների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ դատական ակտ կայացնել:

-Նկատի ունեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռի հետևանքնե՞րը:

-Այո, օգոստոսի 13-ին պարոն Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետը այնպիսի ճառ արտասանեց Ազատության հրապարակում, որի արդյունքում ուղղակի թշնամանք և ատելություն առաջացրեց այդ դատավորի նկատմամբ: Եվ դա մեսիջ էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորին, ով դրանից հետո պիտի այդ հարցը քններ:

-Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյանի հետ հաճախ ենք երկար զրուցում, քննարկում ստեղծված իրավիճակը: Նա հասկանում է, որ, ցավոք, ոչ մի նախանշան չկա, որ գործը կարող է մտնել օրինական հունի մեջ: Այդ իսկ պատճառով արդեն չորրորդ գանգատն ենք ուղարկել ՄԻԵԴ, այժմ էլ պատրաստվում ենք արդեն հինգերորդ գանգատը ուղարկել: Մենք հասկանում ենք, որ առայժմ նախանշաններ չկան, որ դատարանները կարող են իրենց ազատ զգալ` գործադիր և իշխող քաղաքական ուժի ճնշումներից:

Այս խորագրի վերջին նյութերը