Լրահոս

23.03.2010 16:52


ՀՀԿ պատգամավորը տեղին չի համարում ՀՀ նախագահի հայտարարության մեջ սենսացիա փնտրելը

ՀՀԿ պատգամավորը տեղին չի համարում ՀՀ նախագահի հայտարարության մեջ սենսացիա փնտրելը

-Զարմանալ, սենսացիոն որևէ բան փնտրել այս հայտարարության մեջ այդքան էլ տեղին չի,- մեկնաբանելով սիրիական «Al Watan» թերթին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «7օր»-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Հիշեցնենք, որ Ս.Սարգսյանը մասնավորապես ասել է.

-Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում, ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը:

Կ. Ավագյանը նշել է նաև, որ փոխզիջման և Ղարաբաղի կարգավիճակի, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշոման մասին բազմիցս է խոսվել։

-Երբ մենք կարդանք այդ հայտարարությունը, կտեսնենք, որ նախագահը շատ հստակ ներկայացրել է այն գործընթացը, որը պետք է տեղի ունենա։ Այսինքն, Ղարաբաղի կարգավիճակ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում, հետո նոր փոխզիջման ինչ-որ տարբերակներ, որոնք բոլորս էլ հասկանում ենք, որ առանց նախորդ երկուսի հնարավոր չեն,- ասել է ՀՀԿ պատգամավորը։

-Այդ հայտարարությունը կարելի՞ է հասկանալ այնպես, որ ԼՂՀ կարգավիճակից և ինքնորոշումից հետո Հայաստանը պատրաստ է բոլոր ազատագրած շրջանները վերադարձնել Ադրբեջանին,- հարցրել է «7օր»-ի թղթակիցը։

-Մենք պատրաստ ենք բանակցել։ Փոխզիջումը հենց դա է։ Ոչ թե վերադարձնելու խնդիր է, կամ ինչ-որ կոնկրետ ֆիքսված կետ է, այլ ընդհակառակը՝ դրա շուրջ կարելի է բանակցել,- պատասխանել է Կ. Ավագյանը։

-Ազատագրված բոլոր 7 շրջանների շո՞ւրջ եք պատրաստ բանակցել։

-Անվտանգության գոտու մասին ենք մենք հիմա խոսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը