Լրահոս

23.03.2010 17:39


Ո՞ր քաղաքական ուժն է ապատեղեկատվություն տվել թուրք գործչին

Ո՞ր քաղաքական ուժն է ապատեղեկատվություն տվել թուրք գործչին

«Արդյոք Ձեզ մոտ տպավորությո՞ւն է, որ Հայաստանի Հանրապետության համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի առաջնային է, քան Ցեղասպանության ընդունումը» հարցին Թուրքիայի դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը պատասխանել է.

-Ես հայ քաղաքական գործիչներին հարցրել եմ՝ եթե հանրաքվե անցկացվեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսի՞ն կլիներ պատասխանը։ Ինձ պատասխանեցին, որ 90%-ից ավելին կցանկանար, որ հարաբերությունները կարգավորվեին։ Դուք գիտեք փակ սահմանի հետևանքները Հայաստանի համար։

-Իսկ այն, թե ո՞րն է ավելի կարևոր՝ հարաբերությունների կարգավորո՞ւմը, թե՞ Ցեղասպանության ընդունումը միջազգային հանրության կողմից, Հայաստանն ինքը պետք է որոշի։ Հնարավոր չէ ուտել տորթն այնպես, որ այն ամբողջական մնա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը,- «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում ասել է թուրք գործիչը։

 «7օր»-ի հարցին, թե այդ ո՞ր քաղաքական ուժերին է հանդիպել պարոն Թոքերը, որ իրեն այդպիսի տեղեկատվություն են տվել, նա պատասխանել է.

-Նախորդ ուրբաթ մասնակցում էի մի կլոր սեղանի, որին ներկա էին նաև ՀՀ ԱԺ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր կուսակցությունները։  Ես նրանց ասացի, թե ինձ թվում է, որ իմ նախորդ 4 այցելությունները եղել են բոլորովին այլ երկրում, քանի որ առաջին 4-5 ժամը նրանք վիճում էին իրար մեջ։ Նրանք խոսում էին ոչ թե սահմանը բացելու, այլ ճանաչելու մասին։ Փողոցի հայերը խոսում են սահմանը բացելու, իսկ քաղաքական գործիչները՝ այն ճանաչելու մասին։ Իրական ժողովրդավարության պայմաններում այն, ինչ խոսվում է փողոցներում, նույնը պետք է խոսվի խորհրդարանում։ Կարող եմ ասել, որ արձանագրությունների հարցում  որոշակի անհամաձայնություն կա ձեր երկրի քաղաքական ուժերի մեջ, և այդ ամենը կապված է վստահության և հավատի պակասի հետ։ Ուստի մենք պետք է օգտագործենք հասարակական դիվանագիտությունը, որպեսզի կառուցենք այդ վստահությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը