Լրահոս

23.03.2010 18:40


Արմեն Ռուստամյան. «Հայաստանում իշխանությունը չափազանց կենտրոնացված է»

Արմեն Ռուստամյան. «Հայաստանում իշխանությունը չափազանց կենտրոնացված է»

2010թ. մարտի 25-26-ը Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպմամբ «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում կմեկնարկի միջազգային երկօրյա խորհրդաժողով՝ «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով։

-Այս խորհրդաժողովն առաջինն է հետագայում կազմակերպվելիք երեք խորհրդաժողովների շարքից։ Այդ խորհրդաժողովներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու ՀՅԴ գործունեության ուղենիշներում ամփոփված ազգային, ընկերվարական և ժողովրդավարական երեք ուղղություններով առկա հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների առաջադրմանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արմեն Ռուստամյանը։

Հայաստանի «Սոցինտերնի» նախագահ Մարի Թիթիզյանը նշել է, որ խորհրդաժողովին կմասնակցեն արտերկրի 15 օտարազգի փորձագետներ, սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներ։   Երկու օրվա ընթացքում տեղի կունենա 8 նիստ և 40 զեկույց։

-Նոր անկախությունից հետո Հայաստանում երբեք սոցիալիստական ուժերն իշխանության չեն եկել։ Մենք եղել ենք իշխանության մաս։ Այն իշխանական համակարգում, որ կա Հայաստանում, կարող ես ունենալ 3 կամ 13 նախարար, բայց իշխանություն չլինել։ Հայաստանում իշխանությունը չափազանց կենտրոնացված է, և եթե դու այն անձով չես ներկայացված իշխանությունում, ով իր մոտ է կենտրոնացնում իշխանությունը, ապա իշանություն չես,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Նախընտրական բոլոր ծրագրերում, նրա խոսքերով, գրեթե 80 տոկոսը կազմում են սոցիալիստական գաղափարախոսությանը հարիր և դրա արժեհամակարգից բխող լոզունգներ, սակայն իշխանության գալուց հետո դրանք մոռացվում են։

Այս առումով, օրինակ, նա նշել է, որ ողջունում է Հայ ազգային կոնգրեսի ավելի կառուցողական դաշտ գալը և հրապարակել է իր մոտեցումները, սակայն ՀԱԿ-ն ուլտրա աջ դաշինք է, բայց որքանո՞վ է նրանց «100 քայլ» ծրագրում գերիշխում ազատական գաղափարախոսությունը։

-Թող կատարեն, մենք շատ գոհ կլինենք։ Բայց գալիս են, մոռանում են դրանք, ինչո՞ւ։ Պատճառը շատ պարզ է, որովհետև սոցիալիստական լոզունգներ իրականացնել նշանակում է իսկապես լինել ժողովրդական կուսակցություն, իսկապես ժողովրդի հոգսով ապրել և երկրում առաջացած բարիքների արդար բաշխում իրականացնել,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը