Լրահոս

24.03.2010 08:54


Ռոբերտ Քոչարյանը քննադատել է իրականացվող տնտեսական քաղաքականությունը

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է իրականացվող տնտեսական քաղաքականությունը

-Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, և նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ' պահուստների ձևավորմամբ, պետական պարտքի և բյուջեի պակասուրդի կրճատմամբ, առևտրի դիվերսիֆիկացմամբ և այլն: Եվ մենք դա արել ենք,- մարտի 23-ին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 Նա նշել է, որ բյուջեի պակասուրդն իր նախագահության վերջին տարիներին կազմում էր 2%-ից պակաս, իսկ  միջին տարեկան ինֆլյացիան տնտեսության 12-13% աճի պայմաններում՝ 2-4%: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ., նրա խոսքերով,  կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը, հետևողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները, իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ. «Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր՝ աշխատած միջոցների մի մասը պահելով սև օրվա համար»: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, իր նախագահության օրոք՝ 1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչև 13%:

Նրա կարծիքով, հենց այդ քաղաքականությունը հնարավորություն տվեց ՀՀ նոր իշխանություններին ծախսել խնայողությունները և նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար:

-Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչև ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի,- ասել է նա։

Նրա խոսքերով կարելի էր խուսափել նաև շինարարության ոլորտի անկումից, ինչը, սակայն, առանձին և շատ լուրջ խոսակցության առարկա է, «թեև հայտնի է, որ պատմությունը ենթադրություններ չի ընդունում»:

-Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձևով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ՝ կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարևոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռևս նոր էր շարժվում դեպի Հայաստան,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը