Մեկնաբանություն

25.03.2019 13:26


Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության կոդի քարոզը և ներքին դիվերսանտները

Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության կոդի քարոզը և ներքին դիվերսանտները

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումն ուղեկցվում է հակապետական քարոզչական դիվերսիաներով։ Կան շարքային ու մարտավարական դիվերսանտներ։ Կան նաև գաղափարական դաշտում գործողներ։

Շարքային դիվերսանտների ու մեկանգամյա օգտագործման գործիքների դեր են կատարում «կաշառատու» Սիլվա Համբարձումյանը և «նամակատու» Վահան Շիրխանյանը։ Վերջինս նույն Սիլվայի դերն է կատարում ՀՔԾ–ի համար, բայց ունի այլ սեռ, և մազերն էլ ճերմակ են, որոնցից Վահանը, փաստորեն, չի ամաչում։

Սիլվաների ֆունկցիա են կատարում նաև Անդրանիկ Քոչարյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Բայց սրանք անվնաս «կենդանիներ» են։

Վնասակարը գաղափարական դիվերսանտներն են։ Դրանցից մեկը հանդես է գալիս տխրահռչակ «1in.am» կայքում։ Սա փորձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դրական գնահատել այն հիմնավորմամբ, որ նա ... հայաստանցի չէ, այլ ղարաբաղցի։ Ասում է՝ ինքը հայաստանյան միջավայրից չէր և օտար մնաց, ու լավ է, որ կալանավորվել է. այդպիսով կարող է առերեսվել հայաստանցու և հայկականության հետ։

Զոմբի և հակաքոչարյանական մաղձով լցված զանգվածին կարող է գաղափարական այդ դիվերսանտների գրածը հաճելի թվալ, բայց մեզ այդ զանգվածը չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում են գաղափարական ու հակահայկական դիվերսանտի գործունեության բուն մոտիվները, նրա տերերի նպատակները և այդ ամենը տարածող լրատվամիջոցի ֆունկցիաները Հայաստանում։

Եթե մենք նորմալ երկիր լինեինք և ունենայինք ադեկվատ իշխանություն, ապա հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզը արմատախիլ կարվեր ու կոչնչացվեր։ ԱԱԾ–ի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ դա։ Բայց քանի որ այլ իրավիճակում ենք գտնվում, և իշխանության են եկել անորոշ հայացքների տեր պատահական մարդիկ, ուստի գաղափարական դիվերսանտներն ազատորեն վխտում են մեր երկրում։ Սա հուշում է, որ պատմության չսերտած դասերը նորից կարող է մեր ժողովուրդը վերապրել։ Բայց արդյոք ռեսուրս կունենա՞նք այդ ամենի գինը վճարելու համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը