Տնտեսական

25.03.2019 15:12


Գնաճ, այո՛, լինելու է որոշ չափով. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Գնաճ, այո՛, լինելու է որոշ չափով. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց ներմուծման և արտահանման ծավալների «ահռելի» տարբերություններից:

«Ունե՞նք վերլուծություն, տարբերությունն ինչո՞վ ենք լրացնում՝ տրանսֆերտնե՞ր են, ստվե՞րն է, թե ինչն է»,-հարցրեց նա:

Բացի այդ, նա նշեց, որ տնտեսական քաղաքականությունը, որ իրացվում է, որոշ դեպքերում ցավագին պրոցեսներ են լինելու: «Մասնավորապես, գնաճ է լինելու, որը պետք է ազդի անպաշտպան խավի վրա, այս ուղղությամբ կառավարությունը միջոցառում անում է, որ մեղմացնի»,-հարցրեց նա:

Նախարար Խաչատրյանը նշեց, որ արտահանումը 2,4 մլրդ է եղել, և այո, ներմուծման ծավալները շատ ավելի բարձր են, իսկ տարբերությունը, ըստ նրա՝ ֆինանսավորվում է տրանսֆերտների հաշվին:

«Մի կողմից բնական է, որ տրանսֆերտները ստեղծում են սպառողական ապրանքների հանդեպ պահանջարկ, որը ՀՀ-ում չեն ստեղծվում, այլ բան է, որ մենք պետք է մի քանի ուղղությամբ մտածենք և ոչ միայն արտահանումը ավելացնելով, որպեսզի արտարժութային բալանսը կարողանանք պահել: Մյուս եղանակն այն է, որ մտածենք, թե ներմուծվող ապրանքների փոխարեն ՀՀ տնտեսությունում ինչ հեռանկար ունենք»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ՀՀ-ն զգալի չափով էներգակիրներ է ներմուծում, բայց վերականգնվող էներգիան ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում, և մեծ հետաքրքրություններ կան արևակայանների զարգացման ուղղությամբ:

«Եթե մենք 5-10 տարվա կտրվածքով դիտարկենք, հաշվեկշռում հենց վերականգնվող էներգետիկան կապահովի էներգառեսուրսներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ համապատասխան առնվազն երեք ուղղությամբ են դիտարկում խնդիրը, առաջինը՝ ներմուծումը փոխարինելու հնարավորությունները, մյուսը՝ ապրանքատեսակների դեպքում պետք է հասկանան, թե որտեղ կարող են աջակցել տեղական արտադրողին, որ մրցունակ լինի, և ներմուծվածը տեղականով փոխարինեն, նաև հասկանան, թե ինչպես ավելացնեն արտահանման պոտենցիալը, որ արժեքով ֆինանսավորի այն անհրաժեշտ ներկրումները, որոնք շարունակելու են անհրաժեշտ համարվել առաջիկայում:

«Մեծ պատկերը դա է, ունենք դեֆիցիտ, որը ֆինանսավորում է նշված աղբյուրների հաշվին ու ոչ միայն, որովհետև կառավարությունն ինքն էլ վարկեր է վերցնում, դա էլ է ներմուծման հոսքեր առաջացնում, և հանրագումարը ի վերջո պետք է մի օր գա հաշվեկշռման»,-ասաց նա:

Արդյունքում գնաճի մասով նախարարը հայտարարեց. «Գնաճ, այո, լինելու է որոշ չափով»:

Տիգրան Խաչատրյանը միաժամանակ նկատեց, որ երբ խոսում են համահավասար վարչարարության, հարկային ստվերը բացառելու մասին, դրանք բարեփոխման առաջնային նշանակություն ունեն, և դա բերելու է նրան, որ չի լինելու սուբյեկտ, որ հարկ չի վճարելու, և դա գումարվելու է նաև գնին:

«Կառավարությունը ձգտում է ավելի հասցեական դարձնել սոցիալական տրանսֆերտները, որոնք այսօր էլ բյուջեում կան, բայց թիրախավորելով հատկապես նրանց, ովքեր առավել մեծ չափով պետության աջակցության կարիք ունեն, նաև աշխատավարձային և այլ սոցտրանսֆերտների պարբերաբար ինդեքսացիա է կատարելու այնպես, որ փոխհատուցեն գանճային ճնշումները այն սոցիալական խմբերի համար, ովքեր կախված են կառավարության քաղաքականությունից»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը