Լրահոս

24.03.2010 14:00


ՀՅԴ անդամ. «Անգամ 1 մմ զիջման խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի ճանապարհով»

ՀՅԴ անդամ. «Անգամ 1 մմ զիջման խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի ճանապարհով»

 Մեկնաբանելով սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարությունը («Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»)՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է.

-Ադրբեջանական կողմը երբեէ որևէ փոխզիջման մասին չի խոսել։ Խոսել է միայն պահանջատիրոջ դիրքերից։ Մենք անընդհատ խոսում ենք զիջումների մասին, անընդհատ խոսում ենք և հանգեցրել ենք նրան, որ հայկական կողմը պատրաստակամ է զիջելու և՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, և՛ Ղարաբաղի հարցում։ Դրա համար նրանք սեղմում են մինչև վերջ։ Ինչո՞ւ ենք մենք խոսում, երբ ադրբեջանցիները որևէ բան չեն խոսում։

Նա նշել է նաև, որ կա ԼՂՀ Սահմանադրությունը, ըստ որի մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքների վերադարձը այսօրվա ազատագրված տարածքները ԼՂՀ իշխանությունների տնօրինության տակ են. «Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ոտնահարել այդ սահմանադրությունը։ Ինչո՞ւ ենք ուզում զրկել Ղարաբաղին իր ճակատագիրը տնօրինելու գործից։ Չէ՞ որ սրանով նաև Հայաստանի պաշտոնյան իրեն զրկում է լայն ճակատով խուսանավելու հնարավորությունից, Հայաստանը Ղարաբաղին թիկունք ունենալով պայքար տանելու հնարավորությունից իրեն զրկում է։ Ինչո՞ւ է մեկ անձ այդ ամենը ցանկանում վերցնել իր վրա։ Մի՞թե նա Սասունցի Դավիթն է, և այդ ամբողջ ճնշմանը կարող է դիմագրավել»։

Ա. Շահբազյանը սխալ է համարում Ղարաբաղի անունից նման հայտարարություններ անելը։ Նա նշել է, որ այդ տարածքներն արյամբ են ազատագրվել, և «անգամ 1 մմ զիջման խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի ճանապարհով, քանի որ այս հարցի տերը համայն հայ ժողովուրդն է»։

-Մենք սիրում ենք պարծենալ, որ առաջինն ենք եղել։ Հանկարծ այնպես չստացվի, որ դառնանք աշխարհում առաջին  երկիրը, որ արյամբ պատերազմում հող է ազատագրում և բանակցությունների սեղանի շուրջ հող է զիջում,-ընդգծել է Արտյուշա Շահբազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը