Մեկնաբանություն

27.03.2019 17:35


Կա՛մ Փաշինյանին սխալ են զեկուցել, կա՛մ ինքն է միտումնավոր սխալ բան ասում

Կա՛մ Փաշինյանին սխալ են զեկուցել, կա՛մ ինքն է միտումնավոր սխալ բան ասում

«Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9 տոկոսով, չնայած այն պայմաններին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1.1 տոկոսով:

Փետրվարին արձանագրված 4.7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1.9 տոկոս: Ընդ որում, դա տեղի է ունեցել կարևոր պայմաններում: Ուզում եմ հիշեցնել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ, Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկա տոկոսը, բավական երկար ժամանակ է, ինչ չի աշխատում` մոտ մեկ տարի:

Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկա, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում: Եվ մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման և դրա արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը երկրորդ հանքարդյունաբերական գիգանտի մասին չի նշել: Ենթադրվում է, որ խոսքն Ամուլսարի հանքի մասին է, քանզի մյուս հսկան՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինը, աշխատում է: Այլ չաշխատող հսկաներ չկան:

Նկատենք, որ Ամուլսարի հանքը չի աշխատում նախորդ տարվա հունիսից: Բայց մինչև այդ էլ հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան» վիճակագրորեն չէր կարող նպաստել հանքարդյունաբերության վիճակագրական թվերի փոփոխությանը, քանզի հանքի շահագործում չի իրականացրել:

«Լիդիանի» գործունեության տվյալները նախորդ տարի կարող էին հայտնվել միայն շինարարությանը վերաբերող վիճակագրական ցուցանիշներում: Ասել է թե՝ Փաշինյանի այն խոսքերը, որ երկու հսկաների չաշխատելու պայմաններում արդյունաբերության աճ է գրանցվել, չեն համապատասխանում իրականությանը: Նրան կա՛մ սխալ են զեկուցել երկու հսկաների ու նրանց՝ արդյունաբերական արտադրանք տալու մասին, կա՛մ Փաշինյանը միտումնավոր է սխալ բան ասում, որպեսզի «թագավորացնի» իր՝ «մեզ հանքարդյունաբերություն պետք չէ» կամ «մենք առանց հանքարդյունաբերության էլ կարող ենք զարգանալ» թեզերը:

Փաշինյանի սխալ ձևակերպումը, թերևս, նպատակ է հետապնդել նաև առաջ տանել այն միտքը, թե բա՝ պատկերացրեք՝ ինչ թվեր կլինեին, եթե այդ հսկաներն էլ աշխատեին:

Մի խոսքով, քարոզչական էֆեկտներն են առաջին պլան մղվել, քանզի իրական աշխատանք և շոշափելի արդյունքներ չկան:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը